Բաժիններ՝

Ոստիկանին մարմնական վնասվածք հասցրած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պարետի որոշումների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների, այնպես էլ Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի լույս 27-ի գիշերն ուժեղացված ծառայության էին իրականացնում։ Ժամը 5։00-ի սահմաններում Օհանովի փողոցում նրանք նկատել են սրընթաց երթևեկող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը կանգնեցրել է մեքենան` խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։

Ոստիկանության ծառայողները մոտեցել են վարորդին՝ պարզելու մեքենան արագ վարելու պատճառը, ինչպես և ստուգելու Պարետի որոշմամբ սահմանված տեղեկություններ պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը։ Վարորդը, ոստիկանների օրինական պահանջը լսելով, վրդովվել է ու հայհոյել նրանց՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին։ Ոստիկանության ծառայողները երիտասարդին, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել բաժին։

Այդ ընթացքում երիտասարդը ոստիկանների ծառայողական պարտականությունները խափանելու նպատակով, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ է հասցրել օպերլիազորներից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Նույն հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը շարունակել է դրսևորել մեքենայի սրահում՝ դարձյալ հայհոյել ու հարվածել է ոստիկանության ծառայողներին, որոնցից մեկը աչքի շրջանում վնասվածք է ստացել, բայց, չնայած արնահոսող վերքին, շարունակել է հստակ իրականացնել իր գործառույթները:

Ոստիկանները պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելով` դրսևորել են ծայրահեղ զսպվածություն, ինչն ակնհայտ է նաև տեսագրությունից։ Ոստիկանության ծառայողները, օրենքով իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ կատարելու նպատակով նույնիսկ չեն պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, ինչը կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար կարևոր է։

Բերման ենթարկվածը հակաիրավական և հակաբարոյական վարքագիծը շարունակել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Ոստիկանություն է հրավիրվել բուժխումբ։ Եվ երիտասարդը, հաշվի չառնելով կնոջ ներկայությունը, շարունակել է ոչ իրավաչափ վարքագիծը՝ դարձյալ հնչեցնելով հայհոյանքներ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ 28-ամյա երիտասարդը ընկերոջ հետ Հարավարևմտյան Ա-2 թաղամասում օղի էր օգտագործել։ Խմիչքը վերջացել էր, և ընկերոջ հետ, արդեն ոչ սթափ վիճակում, մեքենայով գնացել էին Օհանովի փողոցի սուպերմարկետ ՝ դարձյալ օղի գնելու։

Նա ոչ սթափ վիճակում և բարձր արագությամբ վարել էր մեքենան՝ չմտածելով, որ իր գործողություններով իրական վտանգ է ստեղծում երթևեկության այլ մասնակիցների կյանքի և առողջության համար։ Բաժին բերման է ենթարկվել նաև նրա ընկերը։ Ստուգվել է նրանց սթափության աստիճանը. երկուսն էլ ալկոհոլային հարբածության վիճակում էին։

Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի, կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս