«Աշխարհում բոլոր հակամարտությունների գոտիներում լարվածությունն անխուսափելիորեն կթուլանա»․ Մալաշենկո

«Կարծում եմ՝ ԼՂ հակամարտությունը չի կարող անմասն լինել աշխարհում նման անկանխատեսելի ու աննախադեպ զարգացումներից»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում սպասվող իրադարձություններին՝ աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված։

Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ Ղարաբաղյան հակամարտությունն ամենաանկանխատեսելի հակամարտություններից մեկն է աշխարհում, և որևէ ժամանակահատվածում, բացի որոշում կայացնողներից, փորձագետները չեն կարող հաստատ վերլուծություններ անել։

Ռուս քաղաքական վերլուծաբանն ասաց, որ իր անձնական տեսակետն այն է, որ այս փուլում ակտիվ լայնածավալ բախումներ, գործողություններ ԼՂ հակամարտության գոտում չեն լինի, քանի որ իրավիճակը տարածաշրջանում բավականին լուրջ է, և բոլոր երկրների ղեկավարներն այսօր զբաղված են կորոնավիրուսային համաճարակը հաղթահարելու խնդրով։

«Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, ավելի ինտենսիվորեն՝ Իրանը, Եվրոպան՝ Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Չինաստանը կանգնած են լուրջ խնդրի առջև, դեռ գտնված չէ այս աղետի դեմ պայքարելու արդյունավետ լուծումներ, բանաձևեր, որևէ մեկը չգիտի, թե այս իրավիճակն աշխարհում որքան երկար կտևի, ինչ գործոնների ներքո կթուլանա կամ կուժեղանա պանդեմիան, ինչ դեղամիջոցներով կբուժվի, ինչ պատվաստանյութ պետք կլինի օգտագործել, և բոլորի համար այսօր սա գերակա խնդիր է, հարցերը չափազանց շատ են, անորոշությունները՝ ևս, իսկ պատասխաններ չկան, և ամենահզոր երկրների առողջապահական համակարգերը դժվարանում են կանխարգելել այս ամենը։

ՌԴ նախագահը ևս խոսում է կանխարգելման գործողություններից և նշում երեք ամիս ժամկետ, դա քիչ չէ, բայց նաև հայտնի էլ չէ, թե դրանով պայքարը կավարտվի՞, թե՞ ոչ, արդյո՞ք այդ եռամսյա ժամկետը բավարար կլինի համաճարակի տարածումը ՌԴ տարածքում կանխելու նպատակով։ Չինաստանի իշխանությունները ևս նշում են, որ նպատակ ունեն զրոյացնել վիրուսը Չինաստանում, սակայն այն կրկին ժամանակ առ ժամանակ բռնկվում է և մարում միայն հակահամաճարակային միջոցառումների և բնակչության տոտալ ու խիստ մեկուսացման դեպքում։  Այս իրավիճակում պատերազմելը ես անհնար եմ համարում, աշխարհում ամեն տեսակի գործունեություն կասեցված ու դադարեցված է վիրուսի տարածումը նվազեցնելու նպատակով, փակված են սահմանները, բոլորի թիվ մեկ մտահոգությունը հենց վիրուսի հարցն է այսօր»,- ասաց Ալեքսեյ Մալաշենկոն։

Ըստ նրա՝ ներկայումս որևէ նշանակություն չունի՝ կանի՞ արդյոք ԵԱՀԿ-ն դիտորդություն շփման գծում, թե՞ ոչ, ի՞նչ հայտարարություն կտարածեն միջնորդները։

«Կարծում եմ՝ ԼՂ հակամարտությունը չի կարող անմասն լինել աշխարհում նման անկանխատեսելի ու աննախադեպ զարգացումներից։ Իմ համոզմունքն այն է, որ այս ընթացքում առանձնապես լուրջ իրադարձություններ այս հակամարտության գոտում չեն լինի, ինչպես նաև մի շարք այլ հակամարտությունների, ինչպիսին Սիրիան է, ինչպիսին իրանաամերիկյան և ռուս-ամերիկյան հարաբերություններն են, և այլն։ Սա անխուսափելի է, հակառակը ես չեմ պատկերացնում, հակառակը կնշանակի՝ վիրուսի տարածման ներկայիս տեմպերի խթանում, կարծում եմ՝ իսկապես դա ոչ մեկը չի ցանկանում»,- ասաց Ալեքսեյ Մալաշենկոն։

Տեսանյութեր

Լրահոս