Սանտի Կասորլա. 10 վիրահատություններից հետո նա կրկին լավագույնն է Լա Լիգայում
2012 թվականի ամռանը Սանտի Կասորլան «Մալագայից» տեղափոխվեց «Արսենալ»՝ 15 միլիոն ֆունտով: Բավականին քիչ գումարի դիմաց Արսեն Վենգերը, առանց որևէ կասկածի, իր թիմի կիսապաշտպանության համար իսկական ադամանդ ձերք բերեց: Ընդամենը մեկ մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը խփեց 12 գոլ և կատարեց 13 գոլային փոխանցում: «Զինագործների» երկրպագուները սիրեցին Սանտիին և նրան ճանաչեցին մրցաշրջանի լավագույն խաղացող: Շատ հաջող մեկնարկ, հատկապես Անգլիայում առաջին մրցարջանի համար:
Բայց ֆուտբոլիստին շատ խանգարեցին վնասվածքները։ Նա անցկացրեց մի քանի տարի՝ ստանալով տարբեր վնասվածքներ, որոնցից ամենաբարդը կապված էր ծնկի խաչաձև մկանների հետ:
Երբ թվում էր, թե վնասվածքները անցյալում են, 2016 թվականից կրկին սկսվեցին դժվարությունները։
Ամեն ինչ սկսվեց 2016 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ Կասորլան բաց թողեց Չեմպիոնների լիգայի հերթական հանդիպումը: Կասորլան ցավեր էր զգացել գարշապարի շրջանում: Ֆուտբոլիստին թվացել է, թե դա սովորական վնասվածք է, սակայն ցավերը գնալով ուժգնանում էին:
Բուժման առաջին շրջանում անգլիացի բժիշկն իսպանացուն ասել է. «Գոհ կլինես, եթե կարողանաս հետագայում զբոսնել որդուդ հետ»: Մեկ տարվա ընթացքում Սանտին 8 անգամ վիրահատվեց, սակայն չկար ոչ մի դրական տեղաշարժ:
Հոգնելով բուժման անվերջանալի թվացող գործընթացից՝ Կասորլան տեղափոխվում է Սալամանկա: Այնտեղ բժիշկը Կասորլայի մոտ հայտնաբերել է ինֆեկցիա, որի դեպքում ոչ միայն ֆուտբոլ խաղալ, այլև նորմալ քայլել հնարավոր չէր:
Մայիսի 29-ին Կասորլան վիրահատվեց վերջին անգամ: Վերքը փակելու համար բժիշկը վերցրեց մի կտոր կաշի Կասորլայի ձեռքից: Ֆուտբոլիստի ձեռքի այդ հատվածում դաջվածք էր աղջկա՝ Ինդիի անունով: Հիմա դաջվածքի մի մասը Կասորլայի ձեռքին է, մյուս մասը՝ ոտքին:
Հուլիսից Կասորլան ապրում էր հյուրանոցում, որտեղ ամեն օր լողում է, ընդունում մերսումներ և անցնում կուրսեր: Կասորլան հեռու էր նաև ընտանիքից, քանի որ սկսվել էր ուսումնական տարին, և Կասորլայի ընտանիքը մնացել էր Լոնդոնում: Հետո Կասորլայի կյանքում սպիտակ գիծ սկսվեց, քանի որ նա առաջին անգամ կարողացավ վազել: Ըստ աղբյուրների՝ Կասորլայի եղբայրը, ով այդ պահին նրա կողքին էր, արտասվել է՝ տեսնելով եղբորը վազելիս:
Կասորլայի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվեց վիրահատությունից ուղիղ 12 ամիս անց: Սանտին հաջողությամբ վերականգնվում էր, բայց 17/18 մրցաշրջանում «զինագործների» կազմում խաղալ նրան չստացվեց:
Այդ ամառ Կասորլան որպես ազատ գործակալ վերադարձավ հայրենի «Վիլյառեալ», որտեղ 8 տարի էր անցկացրել: Չնայած բոլոր կասկածներին, իսպանացին անհավատալի մարզավիճակ է ձեռք բերել, նույնիսկ հասուն տարիքի խաղացողի համար: Առաջնությունում Սանտին խփեց 4 գոլ և տվեց 10 գոլային փոխանցում: Ըստ գոլ + փոխանցում համակարգի, նա լավագույնն է դարձել ակումբում՝ առաջ անցնելով նույնիսկ կենտրոնական հարձակվողներից՝ Էկամբիից, Բակկուից և Մորենոյից:
Իսկ ահա ամռանը 1302 օրվա ընթացքում առաջին անգամ, նա կրկին խաղադաշտ մտավ Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով: 34-ամյա կիսապաշտպանը առաջին րոպեներից խաղադաշտ դուրս եկավ Եվրո-2020-ի՝ Ֆարերյան կղզիների դեմ ընտրական խաղում:
«Իմ ամենախենթ երազներում անգամ ես չէի կարող պատկերացնել դա: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր իմ կողքին եղել են դժվարին ժամանակներում»,- այդ խաղից հետո գրել էր Կասորլան։
Ընթացիկ մրցաշրջանը Կասորլայի համար լավագույններից մեկն է իր կարիերայում: Լա Լիգայի 24 տուրից հետո Սանտին ունի 8 գոլ և 6 գոլային փոխանցում: Կասորլան իսկական առաջնորդ է և օրինակ է ոչ միայն դաշտում, այլև դրանից դուրս: Դա, փաստորեն, վկայում է այն, որ նա կրում է թիմի ավագի թևկապը:
Ըստ լուրերի, «Արսենալի» ներկայիս մարզական տնօրեն Ռաուլ Սանլեչին այս ամառ պատրաստվում է այնպես անել, որ երկրպագուներն և Կասորլան հրաժեշտ տան միմյանց՝ նախքան իսպանացու կարիերան ավարտելը՝ կազմակերպելով ընկերական հանդիպում «Վիլյառեալի» հետ: Պատմությունը կարող է պարզապես հրաշալի ստացվել, քանի որ նրա կարիերայի միակ գլուխը, որը Սանտին չհասցրեց փակել ժպիտը դեմքին, հենց անգլիականն է։
Սիրարփի Աղաբաբյան