Բաժիններ՝

Պարետատունը տեղյակ չէր «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի մասին, իսկ խմբին չի հաջողվում կապ հաստատել պարետատան հետ

 Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու համար օրեր առաջ ստեղծվեց փաստահավաք խումբ, որի ներկայացուցիչ Գևորգ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրել էր իրենց գործունեության ուղղությունները՝ զբաղվելու են նոր կորոնավիրուսի տարածման և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքում հանրության համար կասկածելի, դեռևս չստուգված կամ անուշադրության մատնված փաստերի հավաքագրմամբ, վերլուծությամբ, մշակելու են խնդրի լուծման առաջարկներ և ամբողջ տեղեկությունը տրամադրելու են պարետատանը:

Հետո արդեն խումբը սկսեց ահազանգել, որ  իրենց հավաքագրած տեղեկությունը պարետին փոխանցելու համար անհրաժեշտ արդյունավետ միջոցներ ապահովված չեն: Խումբն անգամ պարետ Տիգրան Ավինյանին ուղղված կոչով հանդես եկավ՝ հորդորելով նրան հանրությանը հայտնել կամ ստեղծել պարետատան էլեկտրոնային փոստի հասցե, ֆաքս, ինտերնետ հավելվածների համարներ, ինչպես նաև ապահովել ֆեյսբուքյան էջի արդյունավետ աշխատանքը:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ, պարետատան խոսնակ Մանե Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ Փաստահավաք խմբի գոյության մասին և մեզանից է լսում դրա մասին։

«Առաջին անգամն եմ, ճիշտն ասած, լսում»,- ասաց Մանե Գևորգյանը:

Երբ տեղեկացրեցինք, որ Փաստահավաք խմբի ներկայացուցիչները վստահեցնում են, թե մի քանի օր է՝ չեն կարողանում որևէ կերպ կապ հաստատել պարետի կամ պարետատան հետ՝ նշելով, որ չկա կապի արդյունավետ միջոց, Մ. Գևորգյանն արձագանքեց. «Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում, որ նման խումբ կա, հետևաբար՝ նորմալ ա, որ իրենք մեր հետ չեն կարողանում կապ հաստատել»:

Պարետատան խոսնակի խոսքով՝ կա և՛ էլեկտրոնային փոստ, և՛ հեռախոսահամար, որոնց միջոցով կարելի է կապ հաստատել պարետատան հետ:

«Էլեկտրոնային հասցե կա, այդ ամենը դրված  է միասնական հարթակում, կա դա՝ էլեկտրոնային հասցե էլ կա, հեռախոսահամար էլ կա: Եթե ուզում են կապ հաստատել, ապա միանշանակ էլեկտրոնային հասցեով կարող են կապ հաստատել, եթե, օրինակ, զանգել են, և զբաղված է եղել»,- ասաց Մ. Գևորգյանը:

Խոսնակը որևէ այլ մեկնաբանություն չտվեց մեր հարցերին ի պատասխան՝ նորից  հիմնավորելով, որ մեզնից է տեղեկանում, «իսկ դա ինձ համար բավարար չի, որպեսզի կարողանամ որևէ մեկնաբանություն տալ»:

Փաստահավաք խմբի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը 168.am-ին ասաց, որ էլեկտրոնային հասցե, որով հնարավոր կլինի կապվել պարետատան հետ, չի ասվել, իսկ գործող ֆեյսբուքյան էջին ուղարկված նամակները չեն ընթերցվում:

«Մեզ չի կաջողվել կապ հաստատել, կապի արդունավետ միջոց չունեն, հասկանում եք, և դա հնարավոր չի զանգել թեժ գծով, այդ նամակն ընթերցել: Էլեկտրոնային փոստ է պետք, գոնե ինտերնետ հավելվածների համարներ են պետք, գոնե ֆաքս, բայց դա էլ չունեն: Իրենք ունեն ֆեյսբուքյան էջ, բայց նամակները չեն ընթերցում»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Այդուհանդերձ, այս օրերին փաստահավաք խումբը շարունակում է ահազանգեր ստանալ քաղաքացիներից, որոնք հավաքագրվում են պարետատանը տրամադրելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս