
ԿԲ-ն վստահեցնում է` արտարժութային շուկան ցնցումներից ապահովելու համար ունի ողջ գործիքակազմը

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը վստահեցնում է, որ ԿԲ-ն ունի բավականին բարձր պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ` արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից ապահովելու, հանգիստ վիճակում պահելու համար:
Ստեփանյանն այս մասին ասաց արտակարգ դրության պայմաններում գնաճի և մակրոտնտեսական կայունության թեմայով ասուլիսում` անդրադառնալով դոլարի արժեքի բարձրացման, ռուբլու արժեզրկման վերաբերյալ հարցերին:
«Մենք, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այսօր ունենք բավականին բարձր պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ, որպեսզի կարողանանք ապահովել նաև արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից: Երբ անցանկալի զարգացումներ լինեն, տատանողականության մեծացում լինի, մենք համարժեք գործողություններ կիրականացնենք շուկայում, և, կարծում եմ, ինչպես 2014-ի դեկետմբերին, այնպես էլ հիմա կհաջողվի արտարժութային շուկան պահել շատ հանգիստ վիճակում»,-ասաց Ստեփանյանը:
Նա հիշեցրեց, որ 2014-ի դեկտեմբերին ԿԲ-ն դուրս է եկել ավելի վատ իրավիճակից: Ստեփանյանը նկատեց, որ մեքսիկական պեսոյի հետ ռուսական ռուբլին այսօր համարվում է երկրորդ տատանողական արժույթը աշխարհում, ինչը կապված է ոչ միայն առողջապահական խնդիրների, այլ նաև նավթի գների տատանողականության հետ: «Թե´ Ռուսաստանի ԿԲ-ն, թե´ կառավարությունը տարբեր գործողություններ են իրականացնում, որ շուկաները հանգստացնեն: Անորոշության մասը շատ մեծ է այս առումով, որևէ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ կլինեն ռուսական արժույթի հետ կապված: Այդ տատանողականության վերացման մասին այս պահին որևէ մեկը չի կարող խոսել: Եվ, բնականաբար, մենք ևս մշտապես հետևում ենք, թե Ռուսաստանում ինչ է տեղի ունենում: Եվ մեր քաղաքականությունն այնպիսին է լինելու, որ հավասարակշռենք գների կայունությունը, ֆինանսական կայունությունը, և դրանք հավասարակշռենք մեր տնտեսական ակտիվության պահպանման հետ»,-ասաց նա: