
«ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է. էական փոփոխությունները դեռ առջևում են». Դավիթ Անանյան

Կորոնավիրուսով, ինչպես նաև երկրում հայտարարված արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված՝ վերջին օրերին, ՊԵԿ նախագահի խոսքով, ապրանքաշրջանառության ծավալները և ՀԴՄ կտրոնների քանակը նվազել են:
«Ապրանքաշրջանառությունը, բնականաբար, ընդհանուր առմամբ, ծավալներն ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց հիմնականում դա պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով, որովհետև գրեթե հանրային սննդի կազմակերպությունների և սրահների ճնշող մեծամասնությունն այսօր չեն գործում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Փոխարենը, Անանյանի փոխանցմամբ, որոշակի դրական տեղաշարժ կա առևտրի ոլորտում:
«Կա որոշակի՝ 40-45%-անոց աճ՝ վերջին շաբաթ, կիրակի և երկուշաբթի, եթե վերցնենք առանձնացնենք առևտուրը միայն: Բայց, օրինակ, մարտի 16-ին տպվել է շուրջ 1.3 միլիոն ՀԴՄ, մարտի 12-ին տպվել է շուրջ 1.5 միլիոն ՀԴՄ: Այսինքն՝ արանքում նաև եղել են անկումներ, եղել են վերելքներ: Բայց էական փոփոխություններ այս պահին,դեռ չեն արձանագրվել: Կարծում եմ, որ էական փոփոխությունները դեռ առջևում են»,- հավելեց Դ. Անանյանը: