
«Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում». Դավիթ Անանյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը համաշխարհային տնտեսության այս պայմաններում Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման մասին խոսելը համարում է հիպոթետիկ:
«Վարչապետը շատ ավելի գլոբալ խնդիրներ առաջ քաշեց իր հանրային ելույթներում և ասաց, որ մենք, այո՛, այսօր պատկերացնում ենք, որ երեկվա տնտեսությունը կամ երեկվա աշխարհն արդեն գոյություն չունի: Եվ եթե երեկվա աշխարհը գոյություն չունի, և ընդհանրապես համաշխարհային տնտեսության մեջ վերափոխումներ են ենթադրվում, և ընդհանրապես տնտեսական մենք ականատես ենք լինելու կոլապսների համաշխարհային մակարդակով, այսօր լոկալիզացնել այդ խնդիրը և առաջին հերթին խոսել ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման մասին, ես կարծում եմ, որ դա հիպոթետիկ հարց է»,- ասաց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահը վստահեցնում է, որ հարկաբյուջետային քաղաքականության մեջ առաջիկայում սպասվող դժվարությունները մեղմելու համար ունեն ֆինանսական միջոցներ՝ ներգրավելու թե՛ աղբյուրներ, թե՛ հնարավորություններ, բայց բյուջեի թերակատարումը չի բացառում:
«Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց թե ինչքա՞ն, ես այս պահին պատրաստ չեմ, և ոչ ոք պատրաստ չի դա ասել: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հարկային վարչարարությունը և ընդհանրապես հարկային վարքագիծը հարկ վճարողների և այն լավ փոխհարաբերությունները գործընկերային, որ կան հարկ վճարող և հարկային մարմին փոխհարաբերություններում, պահպանվի: Թե ինչպիսի զարգացումներ կլինեն, մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք»,- նշեց Դավիթ Անանյանը: