Կան դեպքեր, երբ ԵԱՀԿ-ն կարող է մշտադիտարկումները ժամանակավորապես դադարեցնելու որոշում կայացնել․ Եվսեև

Այսօր հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկումը ԼՂ հակամարտության գոտում։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները:

Կասպրչիկի տարածած հայտարարությունում ասված է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած իրավիճակը հանգեցրել է տարածաշրջանում միջազգային սահմանների փակման և անձնական շփումների սահմանափակման:

«Հաշվի առնելով վերը նշվածը և խորհրդակցելով կողմերի հետ՝ մշտադիտարկման աշխատանքները կդադարեցվեն մինչև սահմանափակումների հանումը»,- ասել է Կասպրչիկը:

ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը նշել է նաև, որ ինքը շարունակում է կապ պահպանել համապատասխան ռազմական իշխանությունների հետ:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի հետ զրույցում նշել էր, որ ԵԱՀԿ դիտարկումները դադարեցնելու մասին Անջեյ Կասպրչիկի հայտարարությունը վերաբերում է նաև արցախաադրբեջանական սահմանին իրականացվող պլանային պարբերական դիտարկումներին:

Ըստ նրա, դադարեցման մասին պաշտպանական գերատեսչությունը տեղեկացվել է նախապես և ըմբռնումով է ընդունել որոշումը:

168am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասաց, որ կան դեպքեր, երբ ԵԱՀԿ-ն կարող է նման որոշումներ կայացնել, հատկապես, երբ ողջ աշխարհում են ներկայումս առաջանում դժվարություններ՝ մարդկային տեղաշարժի հետ կապված, ինչն անդրադառնում է նաև միջազգային կազմակերպությունների գործունեության վրա։

Ըստ նրա, եթե այդ մասին չհայտարարվեր, հասկանալի էր, որ մշտադիտարկման ավանդական եղանակը, այսինքն՝ տեղում հակամարտության գոտում մշտադիտարկումը, ներկայումս հնարավոր չէ, կան ԵԱՀԿ-ից անկախ խոչընդոտներ, որոնք ստիպում են ժամանակավորապես չեղարկել այդ աշխատանքները։

«Սակայն այստեղ առանցքայինն այն հանգամանքն է, որ շարունակելու են կապ պահպանել իշխանությունների հետ, և կարծում եմ՝ այս փուլում այդ հաղորդակցությունն ավելի ամուր կլինի։ Կարծում եմ՝ մշտադիտարկման աշխատանքների դադարեցումը որևէ ազդեցություն չի ունենա՝ հատկապես այն դեպքում, երբ, կարծում եմ, որ այն կարճատև է լինելու»,- ասաց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս