«Ես որքան սիրում եմ Տարոն Մարգարյանին, այդքան էլ Ձեզ եմ սիրում». Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանին

Երևանի ավագանու գրեթե բոլոր նիստերը թեժ են անցնում, բացառություն չէ նաև արտակարգ դրության ժամանակ հրավիրվածը: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցերը՝ ասֆալտապատման աշխատանքների և ոռոգման ցանցի վերաբերյալ, արժանացան քաղաքապետի  կոշտ պատասխանին:

Խմբակցության ղեկավարի առաջին հարցը ասֆալտապատման մասին էր. «Այս օրերին կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ, բայց երբ հետևում ենք գնումների գործընթացին, տեսնում ենք, որ գնման մրցույթ հայտարարված չէ, բայց ինչ-որ ընկերություններ ասֆալտապատում են իրականացնում, ենթադրում եմ՝ քաղաքապետարանի համաձայնությամբ: Խնդրում եմ ասել, թե ի՞նչ հիմունքներով են սրանք իրականացվում, և հետո, ինչպե՞ս ենք վճարելու, թե ուղղակի գիտենք, որ իրենք են հաղթելու, ասել ենք՝ հիմա արեք, հետո կանդրադառնանք: Ինչ վերաբերում է ոռոգման ցանցին, ապա 154 մլն նախատեսել էինք, բայց ընդամենը 3 մրցույթ է կազմակերպվել, 28 տոկոսն է կատարվել աշխատանքների»:

Խաժակյանը հետաքրքրվեց նաև, թե ովքե՞ր են պատասխանատու նրա համար, որ ոչ աշխատանք է կատարվել, ոչ մրցույթ է հայտարարվել, և ինչպե՞ս են վարվում այսպիսի դեպքերում: Անօրինականությունների մասին Խաժակյանի ակնարկին  Մարությանը բարկացած հակադարձեց.

«Այդպիսի բաներ տեղի էր ունենում Ձեր կողմից շատ սիրված նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի և նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ: Դրա համար էլ Ձեր մտքով անցնում են նման բաներ: Միգուցե Դուք կուզենայիք, որ Դո՞ւք լինեիք քաղաքապետ, և նման բաներ կատարվեին, բայց իմ ղեկավարության օրոք նման բաներ չեն լինելու»:

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանելով ավագանու անդամի հարցին՝ ասաց, որ անցած տարի գնումների հետ կապված խնդիրներ են առաջացել, այժմ տեղի ունեցողն էլ դրա հետևանքն է.

«Գնումների հետ կապված խնդիրների պատճառով ասֆալտապատումն անցած տարի ուշացավ, որոշում կայացվեց, որ յուրաքանչյուր տարի իրականացվեն հաջորդ տարվա գնումները: Ասֆալտապատման մրցույթը հայտարարվել է 2019-ին՝ առանց ֆինանսական միջոցների առկայության: 2019-ի դեկտեմբերին, երբ բյուջեն հաստատվեց, կնքվեցին պայմանագրերը»:

Իր հարցի պատասխանը լսելուց հետո Դավիթ Խաժակյանն անդրադարձավ Հայկ Մարությանի պնդմանը, թե ինքը սիրում է նախկիններին. «Ես որքան սիրում եմ Վահե Նիկոյանին ու Տարոն Մարգարյանին, այդքան էլ Ձեզ եմ սիրում, խանդով չվերաբերվեք: Ես հարթությունները համաչափ եմ դնում: Ինձ համար հավասարապես վատ է, երբ քաղաքապետը մասնակցում է անօրինականություններին, և, երբ անտեղյակ է դրանցից»:

Տեսանյութեր

Լրահոս