«Գումարը կա, չի ծախսվում. ի՞նչն է խնդիրը». Ավագանու անդամը՝ փոխքաղաքապետին
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանին զարմացնում է այն փաստը, որ Քաղաքապետարանի բյուջեում գումար կա կարևոր ծրագրերի իրականացման համար, սակայն դրանք չեն իրականացվում։
«Առողջապահական օբյեկտների հիմնանորոգումը 70 տոկոս է կատարված, այնինչ տեսնում ենք, որ, եթե լիարժեք կատարվեր, այսօր կկարողանային ավելի մեծ քանակությամբ հետազոտություններ կատարել։ Ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի աշխատանքներն ընդամենը 45 տոկոսով է կատարվել։ Ասֆալտապատում ենք կատարում, բայց չի կատարվում ջրահեռացման ցանցերի լիարժեք վերանորոգում կամ նոր ցանցերի ստեղծում, և փաստացի այդ ասֆալտապատման աշխատանքները կարող են ջուրը գնալ։ Տուրիզմ ենք ուզում զարգացնել, բայց 15 տոկոս է կազմել։ Գումարը կա, աշխատանք չի արվել։ Ինչո՞ւմ է խնդիրը։ Հետիոտնային անցումների համար 334 մլն գումար ունենք, բայց 75-ն է ծախսվել»,- ասաց Միքայել Մանրիկյանը։
Փոխքաղաքապետը խնդիրներին անդրադարձավ գլոբալ առումով, պատճառաբանելով, որ մնացած հարցերին կանդրադառնան առանձին ստորաբաժանումների ղեկավարները։
Միքայել Մանրիկյանն էլ խոստացավ հարցումներ ուղարկել, իսկ դրանց պատասխանները ներկայացնել հաջորդ նիստին։
Փոխքաղաքապետը խնդրի վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց։
«Երկու գլոբալ խնդիր ունենք։ Մեր 94 մլրդ բյուջեն ձևավորվել էր անցած տարվա փետրվար-մարտ ամիսներին տարեսկզբի լրացուցիչ 7մլրդ 800մլն-ի համալրմամբ։ Դա նշանակում է, որ դրա ծախսման համար 3 ամսով ավելի պակաս ժամանակ ունեինք, իսկ դրանք պետք է բաշխվեն կապիտալ ծախսերի մեջ, որոնց համար մրցույթներ է պետք հայտարարել, ինչը ժամանակատար է։ Երկրորդ՝ մենք ունենք գնումների համակարգի հետ կապված խնդիրներ։ Շինարարական և այլ մրցույթների մեծ մասը չկայացավ՝ չմասնակցելու, արդյունքները վատ լինելու և մեր կողմից չընդունելու պատճառներով»,- պարզաբանեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։