ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել դատարաններն արգելափակելու՝ Նիկոլ Փաշինյանի կոչին

ԱՄՆ Պետական դեպարտամենտը մարտի 11-ին հրապարակել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված իր տարեկան ընդհանրական զեկույցը, այդ թվում՝ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակի մասին: Մեկ առանձին գլխով Պետդեպն անդրադարձել է Հայաստանի դատական համակարգում առկա խնդիրներին:

«Թեև օրենքը ենթադրում է անկախ դատական համակարգ, դատական համակարգը հիմնականում անկախություն և անկողմնակալություն չի ցուցաբերում: 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական անցումից հետո էլ դատավորների անկողմնակալության նկատմամբ հասարակության անվստահության մակարդակը բարձր է մնում, և ՀԿ-ներն ընդգծում են, որ դատական համակարգը պահպանել է շատ պաշտոնյաների, որոնք ծառայել են նախկին իշխանություններին։ Դատավորների կոռումպացվածությունը մտահոգության առարկա է։ Տարվա ընթացքում ՀԿ-ներն ընդգծել են, որ շատ դատավորներ ձեռք են բերել զգալի քանակության սեփականություն և ակտիվներ, որոնք անհամաչափ են եղել իրենց աշխատավարձին, և նշել, որ օբյեկտիվ չափանիշերի վրա հիմնված դատավորների վեթինգի բացակայությունը, մասնավորապես՝ Բարձրագույն դատական ​​խորհրդում և Սահմանադրական դատարանում, խաթարում է դատական ​​համակարգի ամբողջականությունը»,- նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում։

Պատրաստված հետազոտության այս հատվածում փորձագետները հիշեցնում են նաև մայիսի 19-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու Երևանի դատարանի որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն իր կողմնակիցներին` արգելափակել դատարանները ողջ հանրապետությունում` դա որակելով՝ որպես Փաշինյանի ակնհայտ արձագանք դատարանի այդ որոշմանը։

Պետդեպի փորձագետները նշում են նաև, որ Փաշինյանի այս կոչը որոշ դիտորդներ որակել են՝ որպես ճնշում դատական համակարգի նկատմամբ։

Ըստ Պետդեպի, մայիսի 20-ին Փաշինյանը կոչ արեց լայնածավալ դատական բարեփոխումների, այդ թվում՝ դատավորների վեթինգի, նա նաև կոչ արեց այն դատավորներին պաշտոնանկ անել կամ աշխատանքից ազատել, որոնց վճիռներն էականորեն խախտում են մարդու իրավունքները՝ ըստ ՄԻԵԴ-ի որոշումների, կամ, ովքեր պատրաստ չեն ինքնուրույն գործել: Պետդեպի ուշադրությունից դուրս չի մնացել նաև ակտիվիստներ Սարգիս Օհանջանյանի և Նարեկ Մութաֆյանի գործը։ Փորձագետները արձանագրել են, որ այս անձինք ձերբակալվեցին դատարանի գործունեությանը միջամտելու մեղադրանքով։

«Դիտորդների համաձայն՝ վարչական դատարանները համեմատաբար ավելի շատ ներքին անկախություն ունեին, բայց ունակ չէին աշխատել և բախվել էին երկարատև հետընթացի։ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը 2019-2023թթ. հաստատվեց հոկտեմբերի 10-ին՝ նպատակ ունենալով ընդլայնել հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ, նպատակ ունենալով ուժեղացնել դատական անկախությունը»,- նշվում է զեկույցում։

Թարգմանությունը՝ 168.am

 

Տեսանյութեր

Լրահոս