Երևանի բյուջեն աննախադեպ թերակատարվել է՝ 30 տոկոս. Դավիթ Խաժակյան
«Երևանի ավագանու ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 2019 թվականի բյուջերի կատարողականը դրական գնահատեց»։ Նիստի ընթացքում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը։
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հետաքրքրում էր, թե Հովհաննիսյանն ինչպես է գնահատում, որ 2019-ին աննախադեպ թերակատարում է եղել։
«Ինչպես հայտնի է, բյուջեի այս տարվա թերակատարումը թվային առումով գերազանցել է երբևէ Երևանում եղած թերակատարումներին, այն շուրջ 30 տոկոս է կազմել։ Առանձին կարևորագույն ծախսային հոդվածներով մենք ունենք անգամ 90 տոկոս թերակատարում, այսինքն՝ կատարվել է նախատեսված աշխատանքների 10 տոկոսը։ Այս թվերը Ձեզ մտահոգու՞մ են»,- հարցրեց Խաժակյանը։
Ավագանու ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը չժխտեց ներկայացված տվյալները՝ ասելով, որ դրանք իրեն էլ չեն գոհացրել, միևնույն ժամանակ ընդգծեց, որ կան հոդվածներ, որոնցով գերակատարում է արձանագրվել.
«Հանձնաժողովի վերջին նիստին, որին մենք միասին էինք ներկա, մանրակրկիտ այդ հարցերն ուղղել ենք, իմ ակտիվությունն էլ երևի նկատել եք, ես բազմաթիվ հարցեր էի ուղղում Հայկ Սարգսյանին։ Բյուջեի եկամուտների հավաքագրման մասով շատ լավ ցուցանիշներ ունենք։ Հոդվածներ կան, որոնք գերակատարվել են, և մենք ունենք հավելյալ միջոցներ, որոնք ներառելու ենք 2020-ի ծախսային հոդվածների մեջ։ Ընդամենը երկու հոդված կար, որոնք հարցեր առաջացրին՝ աղբահանության և կայանատեղերի հետ կապված եկամուտների հավաքագրումն էր, որի պատասխանը Հայկ Սարգսյանը հնչեցրեց։ Ինչ վերաբերում է ծախսերին, ապա ասեմ, որ, իհարկե, ինձ չի գոհացնում, հենց այս նպատակով է գնումների օրենքը փոփոխվում, որ հետագայում նման ցուցանիշներ չլինեն։ Հույս ունեմ, որ այս տարի ավելի լավ կատարողական կունենանք ծախսային մասով»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը։