Ընտանիքն օգնության և մշտական աշխատանքի կարիք ունի
Գայանե Ղուկասյանն անչափահաս երեք երեխա ունի, նա օգնության կարիք ունի: Ասում է՝ չի կարողացել վճարել տան վարձը, որը մոտ 140.000 դրամ է կազմում, երեխաներից երկուսն ունեն առողջական խնդիրներ, դեղորայք չի կարողանում գնել:
«Իմ մասին չեմ էլ խոսում, բարձր ճնշում ունեմ, բայց առաջին հերթին երեխաներս են կարևոր։ Մեծ տղաս ունի առողջական խնդիր, աղջիկս՝ նույնպես: Տղաս 9-րդ դասարանում է սովորում, միջնեկ աղջիկս՝ 10, փոքր աղջիկս էլ՝ 7 տարեկան է, դրա համար երկար ժամանակով տնից չեմ կարողանում բացակայել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Գայանեն՝ նշելով, որ կար ու ձև է սովորել, վարձով բնակարանում կարի մեքենա կա, օգտվում է, ինչ-որ մի բան է կարում ու վաճառում, բայց այստեղ էլ խնդիր կա:
«Տանը կարի աշխատանքներ եմ կատարում, օրավարձով՝ 1000 դրամով, ավտոլվացման կետում եմ աշխատում: Ես գլուխ չեմ պահում, որ տան վարձս չլիներ՝ կկարողանայի ապրել, ոչ մեկը պարտավոր չէ օգնել, ես շատ լավ հասկանում եմ, որ բոլորն էլ խնդիրներ ունեն։ Բայց շնորհակալ եմ նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնում մեզ։ Իմ երեխաներին էլ եմ սովորեցրել լավությանը լավությամբ պատասխանել։ Մեզ օգնություն ցուցաբերածներին միշտ երեխաներս իրենց ձեռքի աշխատանքներից են նվիրում։ Կար ու ձև եմ սովորել, կուզեի՝ իմ կարի մեքենան ունենայի ու կտորներ, որ գոնե տնից աշխատեի, իսկ եթե քիչ ժամերով աշխատանքի առաջարկ լինի՝ մեծ սիրով կգնամ»,- ասաց տիկին Գայանեն։
Նրա փոխանցմամբ՝ տղան առողջական խնդիրների պատճառով դպրոց նորմալ չի կարողանում հաճախել, մեկ օր գնում է, երկու շաբաթ՝ տանը մնում:
«Գլխի կիստա ունի, ցածր դոզայով դեղեր եմ կարողանում գնել, բայց բարձրն է անհրաժեշտ: Օրերով չի կարողանում քնել։ Շատ լավ ձեռք ունի, տարբեր իրեր է կարողանում պատրաստել, եթե նյութեր ունենա՝ տանն էլ կկարողանա աշխատել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել 077295454 հեռախոսահամարով: