
Չինաստանից առաջարկ ենք ստացել. Կարող ենք 84 դրամով անսահմանափակ դիմակներ ներմուծել. ՏՄՊՊՀ նախագահ

Հայաստանն ունի սննդի բավականին լավ պաշար. օրինակ՝ շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա: Այսօր Կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով նաև, որ մարտի 18-ին 38 բեռնատարով սննդամթերք է ներմուծվել Հայաստան:
«Բերվել է ձեթ՝ 18 տոննա, շաքար՝ 220 տոննա, ցորեն՝ 145 տոննա, հրուշակեղեն՝ 15 տոննա, սիսեռ 20 տոննա, արևածաղկի, դդմի սերմեր, սառեցված միս և նույնիսկ կարտոֆիլ: Լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով՝ բենզինով և դիզվառելիքով»,- ասաց վարչապետը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ հավելեց, որ Հայաստանն ունի բենզինի՝ 3 ամսվա, իսկ դիզվառելիքի՝ 1.5 ամսվա պաշար:
«Մենք ունենք նաև ցորենի մեծածավալ պաշար, որից ստացվում է ալյուր, հետևաբար՝ այս մասով կարող ենք հանգիստ լինել և մեծածավալ գնումներ չանել: Մենք նաև 44 անուն ապրանք են մոնիտորինգի ենթարկել, և այս պահին գների մասով ևս որևէ անհանգստացնող բան չկա»,- ասաց Գևորգյանը:
ՏՄՊՊՀ նախագահը նաև փոխանցեց, որ ալկոգելի արտադրության ծավալները երկրում ավելացել են 2 անգամ, արտադրողների թիվը հասել է 5-ի և հաճախ ստացվում է այնպես, որ մի շարք դեղատներում ունենք դեֆիցիտ, իսկ որոշներում՝ մնացորդ:
«Բայց ալկոգելի հումքի՝ սպիրտի հետ կապված խնդիր չունենք, օրական 8000 լիտրից տնտեսվարողները հասել են 12 հազար լիտրի արտադրության: Մեծ խմբաքանակ է սպասվում այսօր դիմակների, այդ խմբաքանակի հետ կապված՝ կա թղթաբանության հետ կապված խնդիր, և եթե այդ հարցը չլուծվի, ապա Չինաստանից առաջարկ ենք ստացել, եթե անհրաժեշտություն լինի, անսահմանափակ դիմակներ կարող ենք ներմուծել 84 դրամ արժեքով»,- ասաց Գևորգյանը: