Բաժիններ՝

Ինչո՞ւ 100 ավտոբուսի ձեռքբերման համար մրցույթ դեռ չի հայտարարվել. Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետին

Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստը սովորականից տարբերվում էր։ Նիստը տեղի էր ունենում Քաղաքապետարանի առաջին հարկում, ավագանու  անդամներն էլ դիմակներով էին։

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նիստում  ներկայացրեց զարգացման 2019  թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը։

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց  տրանսպորտի մասին։

«Ավագանու նախորդ նիստին Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները փոխանցեցին հանրությանը, որ նախատեսում են ձեռք բերել շուրջ 100 ավտոբուս, և ասացին, որ մինչև փետրվարի ավարտը գնումն արդեն հայտարարված պետք է լինի։ Որքան հասկանում եմ, այն դեռ հայտարարված չէ, Քաղաքապետարանն էլ որևէ պարզաբանում չի տվել։ Խնդրում եմ ներկայացնել, թե ինչո՞ւ չի կատարվել խոստումը, ի՞նչ գործընթաց կա տրանսպորտային համակարգի ներդրման մասով»։

Քաղաքապետ Հայկ Մարությանը պարզաբանեց, որ խոսքը մրցույթ հայտարարելու մասին է եղել, ոչ թե արդեն գնումը կատարելու։ Իսկ թե ինչու է գործընթացն ուշանում, փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պարզաբանեց. «Մրցույթը դեռ չի հայտարարվել տեխնիկական պատճառներով։ Երեկ խոսակցություն ենք ունեցել մեր գործընկերներ մասնագետների հետ, որոնք նայում են տեխնիկական բնութագիրը, ըստ նրանց՝ մենք հաջորդ շաբաթվա վերջին մրցույթը կհայտարարենք։ Հնարավորություն չեղավ տեխնիկական էքսպերտներին հյուրընկալել Երևանում, գործընթացը տեղի ունեցավ մեյլերի միջոցով։ Այսքանը»։

Լրացուցիչ մանրամասներ հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ տեղեկացնելով, որ այն մասնագետները, որոնք վերջին փուլում պետք է օգնեին իրենց, չեն կարողացել ժամանել Երևան՝ կորոնավիրուսով պայմանավորված, որը Եվրոպայում ավելի վաղ էր սկսվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս