Բաժիններ՝

Ճգնաժամային վարկային պորտֆելներ գործարարներին՝ աշխատողների աշխատավարձերը և կոմունալ ծախսերը վճարելու համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվեց և վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մանրամասնեց գործարարներին տրամադրվող ճգնաժամային վարկային պորտֆելներ տրամադրելու էությունն ու նպատակը՝ աջակցել նրանց՝ իրենց ֆինանսական և տնտեսական բարդությունները լուծելու համար։

«Ճգնաժամային վարկի 50 տոկոսը ֆինանսավորում են առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը, և մեր տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի տված միջոցները կսուբսիդավորի կառավարությունը: Արդյունքում՝ տնտեսվարողը 0 տոկոսով գումար է ստանում: Այս միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատակով՝ աշխատավարձերի և դրանց գծով հարկերի վճարում՝ յուրաքանչյուր աշխատակցի համար ոչ ավելի, քան 500 հազար դրամի չափով, և ոչ ավելի՝ երեք ամիսը, հումքի գնում կամ ներմուծում, երբ դրա ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում արտադրություն կազմակերպելու նպատակով, սարքեր-սարքավորումների ներմուծում, եթե դրանք ևս պետք է օգտագործվեն ՀՀ ներսում արտադրության համար»,- ասաց վարչապետը և շարքը շարունակելով ընդգծեց, որ հատկացվելու են նաև միջոցներ կոմունալ վճարումների՝ ոչ ավելի, քան 5 միլիոն դրամը, պարարտանյութերի, սերմ և գյուղատնտեսական հումք գնելու և ներմուծելու համար:

Ըստ Փաշինյանի՝ վարկերը պետք է տրամադրվեն ՀՀ դրամով, մինչև 24 ամիս ժամկետով, վարկի առավելագույն չափը՝ 500 մլն դրամ, սակայն համաֆինանսավորման և վերաֆինանսավորամն առավելագույն չափը չի կարող գերազանցել 250 մլն դրամը:

Վարչապետի փոխանցմամբ՝ Կառավարությունն արդյունքում համաֆինանսավորում կհատկացնի՝ աշխատավարձի մասով՝ մինչև 50 տոկոս, հումքի պարագայում՝ 40, սարքավորումների դեպքում՝ 25 տոկոս, կոմունալ ծախսերի դեպքում՝ 45 տոկոս:

Խոսելով հարկային արձակուրդների մասին՝ Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ դա սխալ է, որովհետև կառավարությունը չի կարող տալ հարկային արձակուրդ, միևնույն ժամանակ՝ հոգալ ծախսերը կամ հատկացնել աջակցություն, հետևաբար՝ որոշվել է քաղաքացիների հետ մասնակցել հարկերի վճարմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս