50 միլիարդ դրամ բիզնեսին և սոցաջակցությանը, 80 միլիարդ դրամ՝ տնտեսության վերաձևավորմանը. Ինչ է նախատեսում կառավարությունը
Մենք մեր առաջ խնդիր չենք դրել և չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, որքան էլ, որ այն լավն էր, մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել ետճգնաժամային իրավիճակում և այս ընթացքում պետք է կենտրոնանանք բարեփոխումների վրա, իրագործենք զարգացման ծրագրեր և լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Կառավարաւթյան հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է առերեսվել այն սոցիալական մարտահրավերներին, որոնց առաջ կանգնել ենք և մարդկանց տրամադրել սոցիալական աջակցություն:
«Բայց այս սոցիալական օգնությունները պետք է լինեն հասցեական, արդար և արդյունավետ, որովհետև պետք է նաև հիշենք մեր պատմության այն դեպքերը, երբ սոցիալական օգնությունները կենտրոնանում էին մի քանի տեղերում և սոցիալական աջակցության քողի տակ ստվերային հարստացման գործընթացներ էին տեղի ունենում: Մենք այս պրոցեսները պետք է բացառենք »,- ընդգծեց վարչապետը:
Նրա փոխանցմամբ՝ կառավարությունը հաստատել է աջակցությունների մի քանի փաթեթ, որոնցից մեկով նախատեսվում է 25 միլիարդ դրամ հատկացնել բիզնեսին, ևս 25 միլիարդ դրամ՝ սոցիալական աջակցությանը, իսկ 80 միլիարդ դրամ էլ կլինի այն հիմնադրամում, որը օգտագործվելու է ետճգնաժամային իրավիճակում տնտեսության վերաձևավորման և վերակառուցման համար: