Կորոնավիրուսից առաջ և հետո. գնացք նստելու ժամանակը
Պատմության ժամանակը կանգ է առել։ Հերթական անգամ։
Հազարամյակների ընթացքում այդպիսի պահեր եղել են, և ժամանակը սկսել է հաշվարկվել դրանից առաջ ու հետո տարբերակով։ Անիվի, կրակի, ներքին այրման շարժիչի, համակարգչի հայտնաբերումները դարակազմիկ են եղել։
Գիլգամեշից, քրիստոնեությունից, հուդայականությունից, մահմեդականությունից, բուդդայականությունից, բողոքականությունից հետո և առաջ էլ ժամանակները հին ու նոր հաշվարկով են վարվել։
Համաճարակներն ու դրանց բուժման հայտնաբերումը նույնպես մարդկության պատմական փուլեր են։
Հիմա այդպիսի անցումային փուլում ենք հայտնվել։ Կորոնավիրուսից հետո աշխարհն այլևս նախկինը չի լինի։ Ժամանակը կսկսեն հաշվարկել վիրուսի հայտնվելուց առաջ և հետո։ Հակաթույնն, անշո՛ւշտ, կգտնվի։ Ինչպես որ, օրինակ, պենիցիլինը գտնվեց։ Բայց շատ ավելի լուրջ դեղամիջոցի կարիք կա նոր ժամանակներում։
Կորոնոմիկա
Աշխարհի տնտեսությունները գլոբալ հարվածներ են ստանում և ստանալու։ Գլոբալացված աշխարհը գլոբալ հիվանդությունների, գլոբալ տնտեսական ճգնաժամերի և գլոբալ հնարավորությունների դաշտ է բացել։ Կլինեն գլոբալ տուժողներ և քիչ շահողներ։
Կորոնավիրուսը հասցրել է գլոբալ ցնցումների պատճառ դառնալ ամբողջ աշխարհում։ Բայց մինչև այդ էլ խնդիրները գլուխ էին բարձրացրել։ «Թղթե» տնտեսությունները չեն կարող պարբերաբար ցնցումների պատճառ չդառնալ։ Ֆոնդային շուկաները շոկերի մեջ են հայտնվում։ Վիրուսը պարզապես կատալիզատորի ֆունկցիա կատարեց։
Չի բացառվում, որ եվրոպական որոշ բանկեր առաջիկա օրերին հայտնվեն «արձակուրդային» ռեժիմում։
Աշխարհի առաջատար երկրների կառավարությունները և կենտրոնական բանկերը արտակարգ միջոցառումներ են կիրառում և «ռազմական ժամանակների» որոշումներ կայացնում։
Օրինակ՝ եթե ԱՄՆ 25 տրիլիոն դոլարի կապիտալիզացիա ունեցող ֆոնդային շուկան փլուզվի, ապա դա շատ լուրջ հարված կհասցնի ամբողջ աշխարհին։ Այնպիսի հարված, որի համեմատ 2008–2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամը փոքրիկ մրսածություն կթվա, իսկ նախորդ դարի 30–ականների դեպրեսիան՝ փոքրիկ ցնցում։
Մենք հիմա մտել ենք կորոնավիրուսային էկոնոմիկայի ժամանակաշրջան, որին կարճ կարելի է «Կորոնոմիկա» անվանումը տալ։ Այդ էկոնոմիկային հատուկ է կտրուկ տրանսֆորմացիան։ Տուժում են լոկալ տնտեսությունները և գլոբալ ցանցերը։ Հատկապես ավիափոխադրումների ու տուրիզմի առումով բացասական շոկերը զգալի կլինեն։ Մուլտիպլիկատիվ էֆեկտով և դոմինոյի սկզբունքով հարվածներ կստանան տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը։ Արդեն իսկ ստանում են։
Տնտեսվարողների ու սպառողների մոտ ռացիոնալ սպասումները փոխարինվել են իռացիոնալ վարքագծով։ Կապիտալը դարձել է գերզգայուն և ոչ պակաս «վիրուսակիր»։
Բնական է, որ այս պայմաններում ոսկին դառնում է ամենամեծ լիկվիդայնություն ունեցող ապրանքը։ Դրա համար էլ գներն աճում են։ Ճիշտ է, վերջին օրերին գների կտրուկ աճին հետևեց ոչ պակաս կտրուկ անկումը, բայց միևնույն է ոսկու գնի վեկտորը վերև է ուղղված։
Բայց ոսկուց էլ թանկ ապրանք կա 21–րդ դարում՝ հետվիրուսային ժամանակահատվածում։ Դա միտքն է ու գաղափարը։
Ոսկուց էլ թանկ
Միտքն ու գաղափարը կարող են հնարավորություն տալ փոքր բաց տնտեսություններին (ինչպիսին որ Հայաստանինն է) ոչ միայն գոյատևել գլոբալ վտանգների պայմաններում, այլ նաև նոր որակի տնտեսական հարաբերություններ ստեղծել։ Կամ գոնե եղածը չփլուզելու խելք ունենալ։
Երբ խոսվում է այն մասին, որ կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունից Հայաստանը կարող է նույնիսկ շահած դուրս գալ, դա դատարկ խոսակցություն է, եթե ասվածին համարժեք քայլեր չեն արվում։ Նմանատիպ ձևակերպումներ էլի էին հնչում 2008–2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի փուլում, բայց փաստն այն էր, որ Հայաստանը դարձավ ճգնաժամի մայրաքաղաքներից մեկը՝ ՀՆԱ 14,4–տոկոսանոց անկման հակառեկորդ գրանցելով։ Եթե նման ձևով ենք մենք օգտվելու ճգնաժամից, ապա հեռու է պետք մնալ այդ ձևերից։
Դատելով ամենից՝ մենք դեռ խնդիրներ ունենք ընթացիկ և օպերատիվ կառավարման առումով, էլ ուր մնաց, թե օգտվելու թեման շոշափենք։
Կորոնավիրուսն ընդդեմ պոպուլիզմի է։ Այն առաջին հերթին հարվածում է ապաշնորհ և անպատասխանատու կառավարություններին։
Հանցավոր անգործություն
ՀՀ իշխանությունը համառորեն չէր ուզում նկատել վիրուսի տարածման վտանգը, քայլեր չէր ձեռնարկում և, օրինակ, Մոնտենեգրոյի կամ Թայվանի կառավարության պես կանխարգելիչ քայլերի չէր գնում։ Մինչդեռ առաջին սթափեցնող զանգը պետք է հնչեր հարևան Իրանում վիրուսով հիվանդի առաջին դեպքից անմիջապես հետո։ Սակայն հանրաքվեի քարոզն ավելի կարևորվեց, քան մարդկանց առողջական անվտանգությունն ապահովելը։
Թայվանն, օրինակ, շատ օպերատիվ արձագանքեց Չինաստանում վիրուսի դեպքի հայտնաբերմանը։ Նույնն արեց Չինաստանից շատ հեռու գտնվող Մոնտենեգրոն։
Հարավային Կորեան ու Իտալիան հակաօրինակներ են։ Մենք, ցավոք, ամենավատ օրինակը ցույց տվեցինք։ Կառավարությունը ոչ միայն քայլ չարեց, այլ հանրության զգոնությունը բթացրեց, անձամբ նախաձեռնեց բազմամարդ հավաքներ՝ ընկնելով վարակելու և վարակվելու վտանգի տակ։
Հայաստանը հիմա վիրուսի դեմ կանգնած է մորեմերկ վիճակում։ Շոկի մեջ է ոչ միայն ու ոչ այնքան հանրությունը, որքան կառավարությունը, որի ղեկավարը կառավարչական որոշումների թեստեր հանձնելու փոխարեն վիրուսի թեստեր է հանձնում։
Ինչ անել
Գլխավոր սկզբունքը պետք է դառնա ՄԱՐԴԸ, նրա կյանքն ու առողջությունը։ Բոլոր քայլերը պետք է ծառայեցվեն այդ սկզբունքին։
Պետությունները ստեղծված են նրա համար, որ կատարեն այնպիսի ֆունկցիա, որն առանձին վերցրած որևէ անհատ չի կարող իր համար ապահովել։
Քաղաքացին ունի սոցիալական պատասխանատվություն և ցանկալի է, որ ունենա քաղաքացիական բարձր գիտակցություն, բայց կան բաներ, որ պետք է անի իշխանությունը։
Ինչպես հարկերի վճարումը, բանակում ծառայելը և տարատեսակ այլ պարտավորություններն առանձին քաղաքացու ինքնագիտակցությանը թողնել չի կարելի և պետք է օրենսդրական պարտադրանքով դրանք կազմակերպել, այնպես էլ համաճարակի դեմ պետք է պայքար մղել նախևառաջ իշխանության քաղաքական պատասխանատվության և բարձր կոմպետենտության առկայությամբ։
Առանձին վերցրած մեկ քաղաքացին կարող է չհասկանալ, որ «այո»–ի քարոզին ու նշանդրեքին մասնակցելը սոցիալապես անպատասխանատու վարքագիծ է, երբ առկա է վիրուսի տարածման վտանգ։ Բայց երբ անպատասխանատվություն այս հարցում դրսևորում է իշխանությունը, ապա դա այլ խոսակցության թեմա է։
Եթե քաղաքացին սոցիալապես պատասխանատու լիներ, ապա կինքնամեկուսանար և թույլ չէր տա ատելության քարոզի համար սեփական ականջը դարձնել աղբաման։ Բայց քանի որ բնության մեջ այդպիսի բան չկա և առանձին քաղաքացու գիտակցության վրա չի կարելի հույս դնել հանրային անվտանգության ապահովման հարցում, ստեղծվել է պետություն և ձևավորվել իշխանություն։ Իշխանությունը պետք է հստակ գործողությունների դիմի։ Մասնավորապես՝ վիրուսի տարածման դեպքում։
Կյանքը ցույց տվեց, որ ամեն ինչին մատների արանքով է նայվել։ Եվ դա այն դեպքում, երբ մենք կես միլիոնի չափ թոշակառու ունենք։ Այսինքն՝ բարձր ռիսկային խմբի մեջ գտնվող բնակչության մեծ քանակ ունենք։
Ինչպես հայտնի է, կորոնավիրուսը առավել դաժան հարվածում է բարձր տարիքային խմբին.
–մահացության տոկոսը 80 և ավելի տարիք ունեցողների մոտ կազմում է մոտ 15 տոկոս,
–70–ից 80–ի միջակայքում վարակվածների 8 տոկոսն է մահվան ելքով ավարտվում,
–60–ից 70 տարեկանների մոտ մահացությունը 3,6 տոկոս է։
Սրանք շատ բարձր տոկոսներ են։ Չարժե նույնիսկ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա մեզանում, եթե հանկարծ պանդեմիայի վերածվի այս ամենը։ Չարժե պատկերացնել, բայց պարտադիր է գործողություններ անելը։
Կան մի քանի հրատապ քայլեր, որոնք պետք է անել։ Նախևառաջ արտակարգ դրություն հայտարարել։
1. Արտակարգ դրության շրջանակներում արգելե՛լ մարդաշատ միջոցառումների կազմակերպումը՝ հարսանիք, նշանդրեք, կնունք, ծնունդ, մատաղ, եկեղեցական հավաքներ և այլն։ Իսկ եթե հնարավոր չէ մարդկանց հավաքվելը արգելելը (օրինակ՝ թաղում),ապա հատուկ ախտահարման միջոցառումներ իրականացնել տարածքում և վարքականոն սահմանել։
2. Պետք է ժամանակավորապես փակել զվարճանքի բոլոր վայրերը՝ սրճարաններ, փաբեր և այլն։ Ռեստորանների համար հատուկ կարգ և ժամեր սահմանել։
3. Ժամանակավորապես դադարեցնել վարսավիրանոցների, մերսման սրահների և մարդկանց կոնտակտների առավել ինտենսիվ վայրերի գործունեությունը։
4. Ախտահանման ռեժիմ սահմանել հանրային տրանսպորտում:
5. Մաքսիմալ անցնել «տանից աշխատելու» տարբերակին։
6. Հեռուստատեսության ու լրատվության այլ միջոցներով պարբերաբար և ագրեսիվորեն քարոզել, թե ինչպես է պետք պահել անհատական հիգիենան, ինչպես օգտվել համապատասխան նյութերից, ինչ միջոցներով, ինչպես լվանալ ձեռքերը, ինչպես բարևել, ինչպես չբարևել և այլն։
7. Ձևավորել վալանտյորների խմբեր, որոնք կարող են օգտակար լինել այս կամ այն հարցում։
8. Ծերերի համար պետք է հնարավորինս քիչ կոնտակտ ապահովել և սննդի հարցը լուծել, որպեսզի նրանք տնային մեկուսացման պայմաններում մնան։ Այստեղ կարող է օգտակար լինել մեր հայկական մենթալիտետը՝ իրար օգնության հասնելու գիծը։ Հարազատները թող հնարավորության դեպքում սնունդ հասցնեն տարեցներին՝ նրանց ազատելով խանութ գնալու անհրաժեշտությունից։
9. Ապահովել թեստերի անհրաժեշտ քանակ՝ պատրաստվելով վատագույն սցենարին։
Մենք պահը կորցրել ենք ու ստացել բազմաթիվ խնդիրներ։ Օրինակ՝ դիմակների խնդիրը։ Այս ուղղությամբ հստակ քայլեր են պետք։
10. Պարտադիր դարձնել հանրային բոլոր վայրերում (օդակայան, հյուրանոցներ, միջպետական անցակետեր և այլն) համապատասխան մաքրման միջոցների առկայությունը (ալկոգել և այլն)։
11. Դիտարկել հոսպիտալացման բոլոր հնարավորությունները և պատրաստ լինել, կրկնեմ, վատագույն սցենարին, այսինքն՝ երբ հիվանդների թիվ/բնակչության քանակհարաբերակցությունը կլինի աշխարհում արձանագրված նորմայից բարձր։
Վիրուսի տարածումը, որպես կանոն, շատ ավելի արագ ու մասշտաբային է, քան ֆիքսում են պաշտոնապես, քանզի ֆիքսելու պահին նախորդում է տարածումը, ընդ որում՝ երկրաչափական պրոգրեսիայով։ Իսկ նման բանը չի բացառվում, քանզի մեզ մոտ խայտառակ վատ անցավ կանխարգելման փուլը։ Ոչինչ չարվեց։ Մինչդեռ ամեն օր լուրերով հաղորդվում էր, թե ինչ է կատարվում աշխարհում և մասնավորապես հարևան Իրանում, որի հետ մենք ակտիվ անցուդարձ ունենք։ Ինչևէ։
12. Ուժային կառույցները և հատկապես բանակը աչքի լույսի պես պահել՝ ամեն գնով թույլ չտալով վիրուսի ներթափանցում։ Համոզված եմ, որ բանակում այդ գիտակցությունը կա և չկա հեղափոխական ամբարտավանություն։
Բնականաբար․ սա անհրաժեշտ քայլերի ոչ ամբողջական ցանկն է։
Տնտեսական բլոկի մասով կարիք կա հրատապ քայլերի։
1. Անհրաժեշտ է օպերատիվ կերպով օրենսդրական փաթեթ ներկայացնել ԱԺ՝ ըստ ոլորտների հարկային քաղաքականության փոփոխության համար։ Պետք է նախատեսել հարկային արձակուրդներ, տարաժամկետ վճարումներ և այլն։ Հակառակ դեպքում մենք փոքր ու միջին բիզնեսի ոլորտներ կկորցնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ։
2. Դրամի առումով արհեստականորեն չպահել փոխարժեքը դոլարի նկատմամբ, բայց նաև թույլ չտալ կտրուկ արժեզրկում։ Փոխարժեքի փլուզումը կարող է վիրուսից էլ մեծ խուճապի պատճառ դառնալ, ինչը մեզ պետք չէ։
Պետք է կիրառել, այսպես կոչված, կառավարելի–լողացող քաղաքականություն։ Ողջունելի է ԿԲ–ի որոշումը՝ հնարավորինս դիմել անկանխիկ գործարքների։ Դա կքչացնի վիրուսի հնարավոր տարածման մասշտաբներն ու արագությունը։
3. Մասնավոր բանկերին պետք է ոչ թե պարտադրել, այլ առաջարկել երկու–երեք ամսով հետաձգել վարկառուների պարտավորությունների կատարումը։ Այսինքն՝ այստեղ անհրաժեշտ է փափուկ ուժի կիրառում։
Թող յուրաքանչյուր բանկ ինքը որոշի իր քաղաքականությունը։ Պարտադրանքը վտանգավոր է, քանզի կա նաև ավանդատուի շահի պաշտպանության և բանկային ոլորտին չհարվածելու խնդիր։ Եթե որևէ մասնավոր բանկ որոշի ընդառաջ գնալ վարկառուներին, ապա դա դրականորեն կանդրադառնա իր իմիջին ու հետագայում միանշանակ բոնուս կբերի։
4. Պարենային անվտանգությունը նույնպես խիստ ուշադրության արժանի ոլորտ է։ Այս առումով խուճապի տարածումը պետք է կանխվի քարոզչական ու անհրաժեշտության դեպքում նաև այլ մեթոդներով։
5. Ուղևորափոխադրումների և ուղևորահոսքերի նվազեցման պայմաններում անհրաժեշտ է հրատապ հարկային քայլերի գնալ, մասնավորապես, տրանսպորտային բիզնեսի դաշտում։
Սա էլ տնտեսական քայլերի այն ոչ ամբողջական ցանկն է, որը գոնե ուշացած, բայց պետք է արվի։
Դե իսկ առողջապահական համակարգի պահով ամեն ինչ պարզ է։ Ցավով պետք է արձանագրել, որ մենք պատրաստ չենք զանգվածային վարակների սցենարին ու բոլոր ջանքերը պետք է ներդնենք կանխարգելիչ քայլերի ուղղությամբ, այլապես հետագայում ստիպված ենք լինելու ռազմական դրություն հայտարարել։
Ինչ պետք է չանել
Ամենակարևորը՝ փնթիություն և բառադիություն չի կարելի ցուցաբերել։
Իշխանությունն ունի լիազորություն և պատասխանատու է ՀՀ քաղաքացիների անվտանգության համար։ Անհատների վրա խնդիրը բարդելը սեփական ոչ կոմպետենտության վկայություն է։
Ինչ վերաբերում է վիրուսի չարիքը հետագայում որպես բարիք օգտագործելուն և օգտվելուն։
Աշխարհի ֆինանսական համակարգերում գլոբալ համակենտրոնացման ճամբարներ են ստեղծվել։ Նպատակը գերթափանցիկ ֆինանսական հոսքեր ապահովելն է։ Գաղափարն, անշո՛ւշտ, լավն է, բայց կարելի է հետկորոնավիրուսային աշխարհի նոր գնացքում հայտնվել՝ մինչև այդ կուտակելով։ Դրա համար պետք չէ փլուզել ՀՀ բանկային համակարգը՝ բանկային գաղտնիքը վերացնելով։
Հայաստանում ոչ ռեզիդենտների կողմից 2 միլիարդ դոլարից ավելի ավանդ կա ներդրած։ Գումարներն ավելացել են հատկապես վերջին երկու տարում։ Պատճառը ոչ թե թավշյա հեղափոխության բրենդն է, այլ այն, որ «սև» ու «սպիտակ» կապիտալն աշխարհում շատ քիչ փախչելու տեղ ունի։
Բացի այդ՝ եվրոպական կենտրոնական բանկը սպառել է իր գրեթե բոլոր գործիքակազմերը՝ սկսած բացասական տոկոսադրույքի կիրառումից մինչև դրամական էմիսիան։ Փողը գնում է այնտեղ, որտեղ զարգանալու և անաղմուկ պահվելու հնարավորություն ունի։ Պատկերացրեք, որ այդպիսի տեղերից մեկը հայկական բանկային ոլորտն է, ու հիմա իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի այն վերացնի։
Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ կարող են դրսից գումարներ հանգրվանել։ Հայաստանի խնդիրն այդ գումարները սեփական տնտեսության համար աշխատեցնելն է, դրսում կուտակողների փողերը մեր օգտին ծառայեցնելը։ Չէ՞ որ միշտ հպարտանում ենք, որ ուրիշներից խելացի ենք։ Հիմա պետք է ապացուցե՛նք, որ խելացի ենք, այլ ոչ թե «Անխելք մարդը» հեքիաթի հերոսի պես այլ տեղեր ման գանք մեր երջանկությունը։
Դրսից դրամական հոսք խրախուսելով՝
Ա. կարելի է ավանդների տոկոսներն իջեցնել ոչ ռեզիդենտների համար,
Բ. կարելի է վարկային ռեսուրսներն ավելի հասանելի դարձնել։
Կարելի է այլ քայլերի գնալ, բայց մեկ բան հաստատ չի կարելի անել։
Չի՛ կարելի վերացնել բանկային գաղտնիքը։ Որքան էլ որ դրսից ստիպում են այդ բանն անել, պետք է «դուխ» և խելք ունենալ՝ սեփական ձեռքերով սեփական տունը չքանդելու և աշխարհի գլոբալ զարգացումներից օգտվելու համար։
Կորոնավիրուսը դեռ չէր հասել Հայաստան, բայց բանկային գաղտնիքի վերացման «վիրուսն» արդեն կար։ Բանկային համակարգի դեմ իրականացվող այդ քայլը չէր կարելի անել մինչև վիրուսի հայտնվելը։ Առավելևս չի կարելի անել հիմա։
Չի կարելի նաև առանց մեղադրական վճռի գույքի բռնագանձման գայթակղությանը տրվել։ Եթե կան թալանի կամ պետությունից յուրացման դեպքեր, ապա դրանց կարելի է գործող օրենսդրությամբ բացահայտել ու դատական կարգով մեղավորներին պատժել։ Բայց չի՛ կարելի մեղավորության կանխավարկածը դարձնել համընդհանուր կիրառման քաղաքական գործիք։ Կուլակաթափության մեքենան եթե միացավ, հետո չի կանգնելու՝ շեշտակի հարված հասցնելով մեր տնտեսությանը։
Մենք փոխարենը բարենպաստ միջավայր ձևավորենք, որ ԵԱՏՄ տիրույթի ու այլ պետությունների փախչող փողը գա Հայաստան ու աշխատի մեզ համար, ուզում ենք ամեն ինչ անել, որ մեր ներսի՞նը փախչի։ Իմա՞ստը։ Ո՞ւմ ջրաղացին ենք ուզում ջուր լցնել։ Այն էլ անվտանգության ներկայիս խնդիրների պարագայում։
Մեր բանակը և անվտանգությունը առաջին հերթին թիկունքում է պետք ամրացնել։ Իսկ դա տնտեսությունն է։
Հայաստանին պետք են էժան ու «երկար» փողեր։ Դրանք կան։ Մնում է այնքան հիմար չլինել, որ եղածին այստեղից քշենք ու այնքան խելոք լինել, որ նորերը բերենք։ Ահա սա՛ պետք է լինի օգտվելն ու հետվիրուսային փուլում շահած դուրս գալը։
Ներդրումային գումարները մեզ օդ ու ջրի պես են պետք։ Վիրուսը պետք է կատալիզատորի դեր կատարի, որպեսզի հրաժարվենք պոպուլիզմից ու անցնենք ռացիոնալ կառավարման։ Կորոնավիրուսը յուրօրինակ փորձաքար դարձավ անցյալի ու ապագայի արանքում։ Կա գնացքից թռչելու և գնացք նստելու ժամանակ։ Հիմա նստելու ժամանակն է։
Բոլոր այն ժողովուրդները, որոնք կհասցնեն նստել նոր գնացքի մեջ, տեղ կունենան հետվիրուսային աշխարհում։
Մեզ նոր որակի կառավարում է անհրաժեշտ՝ նոր որակի առաջնորդությամբ։
Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն
տնտեսագիտության թեկնածու