Քաղաքային իշխանությունը պետք մեկուսացման համար տարածքներ ապահովի. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ կոռունավիրուսի կանխարգելմանը միտված մի շարք առաջարկություններ ներկայացրեց քաղաքապետարանին:
Նա ընդգծեց, որ ուսումնասիրել է, թե աշխարհի տարբեր քաղաքներում ինչպիսի միջոցառումներ են իրականացնում աշխարհի տարբեր քաղաքների քաղաքային իշխանությունները: Ըստ նրա՝ հաշվի առնելով դեպքերի աճը պետք է հավելյալ միջոցառումներ իրականացնել:
«Առաջին առաջարկը վերաբերում է Շտապօգնության մեքենաներին, որոնք սպասարկում են բնակչությանը, կարանտինի ապահովումն են անում, մարդկանց տեղափոխում են կարանտինի վայր: Այս մասով ես մտահոգություն ունեմ. շտապօգնության մեքենաները միշտ չէ, որ նման դեպքերում բավարում են, հատակապես, որ մի քանի տասնյակ մեքենա առանձնացվում է պարզապես կարանտինը ապահովելու համար, դրա համար ես կարծում եմ՝ քաղաքապետարանը պիտի առանձնացնի տասնյակ մարդատար մեքենաներ, որոնք կիրականացնեն կարանտինի նպատակով տեղափոխումը: Եվ, բնականաբար, այդ մեքենաները պետք է ախտահանվեն և սպասարկվեն նույն կերպ, ինչ շտապօգնության մեքենաները»,-ասաց նա:
Դավիթ Խաժակյանը նշեց, որ կարանտինի նպատակով տեղափոխության պատճառով չպետք է ստեղծվի իրավիճակ, որ այլ կանչերի սպասարկման հետ կապված խնդիր լինի: Նա ընդգծեց, որ համայնքային հաշվեկշռում մեքենաներ կան, որոնք կարող են օգտագործել՝ խուսափելով դեֆիցիտից:
Նա նաև ընդգծեց, որ քաղաքային իշխանությունը պետք է մեկուսացման համար տարածքներ ապահովի: