«Միայն տգետին հայտնի չէ, թե Քոչարյանի գործով վարչապետն ի՞նչ է ուզում, ի՞նչ է պահանջում և ի՞նչ է ակնկալում դատավորներից և դատարանից». Ալեքսանդր Ազարյան

168.am-ի զրուցակիցը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն է:

 – Հատկապես իշխանամերձ շրջանակներում մեծ աղմուկ բարձրացրեց Ձեր կայացրած վերջին դատական ակտը՝ կապված «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի փոփոխության հետ: Կմեկնաբանե՞ք Ձեր կայացրած դատական ակտը:

– Ես գտել եմ, որ Արմեն Թավադյանի գործողություններում բացակայում է նրան վերագրվող մեղադրանքի կապակցությամբ հիմնավոր կասկածը: Դրանից ավել չեմ կարող ասել, կներեք, իհարկե, որ չեմ կարող մեկնաբանել դատական ակտը: Բացի այդ, չեմ կարող տեղեկատվություն ներկայացնել այն դատական նիստից, որը դռնփակ է անցկացվել, քանի որ խափանման միջոցների վերաբերյալ դատական նիստերը դռնփակ են անցկացվում:

– Ասում եք, որ դատական նիստը դռնփակ է անցկացվել, այդ դեպքում ինչպե՞ս է դրանից որոշ տեղեկատվություն դարձել որոշ մարդկանց սեփականությունը:

– Դուք հավանաբար նկատի ունեք մասնավորապես այն, որ մի քանի օր առաջ կարծես թե 1in.am-ի տաղավարում հյուրընկալված փաստաբաններ Տիգրան Եգորյանին ու Կարապետ Բադալյանին հարցազրույց վարողն ուղղակիորեն հարց ուղղեց, թե դատական նիստերից մեկի ժամանակ Ազարյանը վիրավորական արտահայտություններ է արել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի հասցեին: Ինձ էլ է հետաքրքիր, թե որտեղի՞ց հարցազրույց վարողին այդպիսի ինֆորմացիա:

– Իսկ որտեղի՞ց կարող էր նման ինֆորմացիա հայտնի լինել, ո՞վ կարող էր արտահոսք կատարած լինել:

– Դատախազին գրեթե չեմ կասկածում: Իմ կարծիքով՝ արտահոսքը քննիչից է եղել՝ նկատի ունենալով այն, որ Եգորյանը խոսում էր քննիչի բառերով, կամ էլ քննիչն էր դատական նիստի ընթացքում խոսում Եգորյանի բառերով: Ինչ վերաբերում է վիրավորանքներին, կարող եմ ասել՝ եթե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իմ արտահայտություններից տեղյակ է (իսկ ես գրեթե վստահ եմ, որ տեղյակ է) և իրեն վիրավորված է զգում, կարող է դիմել դատարան, և ես կապացուցեմ, որ նա արժանի է այն գնահատականներին, որոնց ես նրան արժանացրել եմ:

– Ի վերջո, ե՞րբ ու ինչի՞ց սկսվեց Ձեր ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև հակամարտությունը:

– Ես չեմ ուզում դատական նիստից մանրամասներ ներկայացնել՝ դարձյալ նկատի ունենալով, որ այն դռնփակ է եղել, սակայն Սասուն Խաչատրյանի և իմ միջև «հակամարտությունը» սկսվել է իմ կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը հրապարակելուց հետո: Այդ «հակամարտության» նախահարձակը եղել է Սասուն Խաչատրյանը: Ես մշտապես այդ ամիսների ընթացքում եղել եմ պաշտպանվողի դերում, միայն պատասխանել եմ: Սասունը Խաչատրյանը, դեռևս իմ որոշմանը ծանոթ չլինելով (քանի որ այն դեռ չէր ուղարկվել կողմերին, նաև քննիչին, և ՀՔԾ պետը չէր կարող իմանալ այդ որոշման բովանդակության մասին)` այն որակեց՝ որպես ապօրինի: Մեկ անգամ ասել եմ, էլի եմ ուզում կրկնել, որ նախ և առաջ Սասուն Խաչատրյանն այն անձը չէ, որ գնահատական տա իմ կայացրած դատական ակտերին: Կամ՝ ի՞նչ մակարդակի են նրա իրավաբանական գիտելիքներն այն պարագայում, երբ դեռևս ծանոթ չլինելով դատական ակտին, դրան գնահատական է տալիս: Նախ՝ գնահատական տալու իրավունք չունես ու, բացի դրանից, նայելով իրավաբանական տեսանկյունից՝ ինչի՞ն ես գնահատական տալիս, եթե ծանոթ չես որոշմանը:

– Դուք այդ ժամանակ արձագանքեցիք Սասուն Խաչատրյանին:

– Այո, ես արձագանքեցի. նրա նման գնահատականն անվանեցի՝ որպես անգրագետ: Ասացի, որ ՀՔԾ պետն անգրագետ արտահայտություն է արել: Նկատի ունեցեք, որ ես անգրագետ եմ անվանել ոչ թե իրեն, այլ իր տված գնահատականը: Ի պատասխան՝ Սասուն Խաչատրյանն իմ մասին արտահայտվեց այսպես՝ դա մակարդակի հարց է՝ կասկածի տակ դնելով իմ մակարդակը:

– Լուրեր են շրջանառվում, այդ թվում՝ նաև մամուլում, որ Դուք սուբյեկտիվ մոտեցում ունեք ՀՔԾ-ում քննվող գործերի վերաբերյալ:

– Դա իրականությանը չի համապատասխանում: Երկրորդ նախագահի վերաբերյալ որոշումը հրապարակելուց և իմ ու ՀՔԾ պետի միջև առաջացած «հակամարտությունից» հետո ինձ «մեղադրում են», թե դրանից հետո ինձ մոտ եղած ՀՔԾ-ում քննվող գործերի վերաբերյալ ես կայացրել եմ ՀՔԾ-ի դիրքորոշմանը հակառակ որոշումներ: Եթե չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո ես ՀՔԾ-ում ունեցել եմ քննվող 8 դատական գործեր: Բոլոր գործերով ես կայացրել եմ որոշումներ, որոնք իրոք հակառակ էին ՀՔԾ քննիչների տեսակետին, սակայն պետք է նշեմ, որ բոլոր այդ որոշումները Վճռաբեկ դատարանի կողմից թողնվել են անփոփոխ, այսինքն՝ ստացել են օրինական ուժ: Ի՞նչ է ստացվում, որ ես կանխակա՞լ եմ, սուբյեկտի՞վ եմ, իսկ գուցե նրա՞նք են թերացել կոնկրետ գործերով: Թե՞ միգուցե Վճռաբեկ դատարանն էլ ՀՔԾ-ի նկատմամբ սուբյեկտիվ դիրքորոշում ունի:

– Ի վերջո, ի՞նչ եք ասել այդ դատական նիստի ընթացքում, ինչո՞վ եք վիրավորել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին: Միևնույն է, արդեն արտահոսք եղել է:

– Ես չեմ ուզում հանրայնացնել դռնփակ դատական նիստում տեղի ունեցածը, սակայն, կարծում եմ՝ խոսքը հետևյալի մասին է: Քննիչն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ ժամանակին ես Սասուն Խաչատրյանին անգրագետ եմ անվանել: Մեկ անգամ էլ եմ կրկնում՝ ես նրան չեմ անգրագետ համարել, այլ՝ նրա գնահատականը իմ հասցեին:

Եթե հիշում եք, ՀՔԾ պետն ինձ նաև մի առիթով մեղադրել էր նրանում, որ ես Մարտի 1-ի խաղաղ ցուցարարներին «ամբոխ» եմ անվանել, ինչը նույնպես ճիշտ չէ: Ես ամբոխ եմ անվանել հենց ամբոխին, այլ ոչ թե խաղաղ ցուցարարներին, ամբոխ եմ անվանել այն մարդկանց, որոնք այրել, թալանել են խանութները, մեքենաները: Եթե նշածս անձինք Սասուն Խաչատրյանի համար խաղաղ ցուցարարներ են, ես ոչինչ չունեմ ասելու: Մի առիթով լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել եմ նաև, որ Սասուն Խաչատրյանը շատ փոքր մարդ է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կասկածի տակ դնի:

Երբ ինձ բացարկ հայտնվեց այն առումով, որ ես սուբյեկտիվ վերաբերմունք ունեմ ՀՔԾ-ի քննիչների նկատմամբ, ես նշեցի այդ փաստը, որ եղել են 8 գործեր, որոնցով հակառակ որոշումներ են կայացվել, 8-ն էլ հետագայում օրենքի ուժ են ստացել, պարտադիր են ՀՔԾ-ի և նրա ղեկավարի համար, և հույս հայտնեցի, որ քննիչը չի իջնի իր պետի մակարդակին և չի վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը: Միգուցե սրա՞ մասին էր խոսքը:

– Դատախազն ինչո՞ւ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Ձեզ: Նա ասաց, որ իր բացակայությամբ եք դատական նիստը վարել, և դա վիրավորել էր իրեն:

– Եթե ես հիմա մանրամասն ներկայացնեմ, թե դռնփակ դատական նիստի ընթացքում ինչ է տեղի ունեցել, ես ինչ եմ ասել, կստացվի, որ ես անում եմ մի բան, ինչում նրանց եմ մեղադրում: Ես չեմ պատասխանի այդ հարցին, չեմ հրապարակի դռնփակ դատական նիստում տեղի ունեցածը:

– Ձեզ մեղադրում են, որ Դուք Արմեն Թավադյանի գործով կաշկանդված եք եղել:

– Ես Արմեն Թավադյանի գործով ընդհանրապես կաշկանդված չեմ եղել, կողմնակալության մասին էլ խոսք լինել չի կարող: Եթե ես գոնե կես վայրկյան կասկածեի, որ չեմ կարող այդ գործը լսել, որ կաշկանդված եմ կամ կողմնակալ, ես գործը վարույթ ընդունելուց հետո ինքնաբացարկ կհայտնեի, չէի սպասի, մինչև քննիչը կամ դատախազն ինձ ինքնաբացարկ հայտնեին, ինչը մի քանի անգամ արել եմ 14 տարվա աշխատանքի ընթացքում:

– Ի դեպ, Ձեր նշած հարցազրույցում, որին մասնակցում էին փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Կարապետ Բադալյանը, նույնպես կարծիք հնչեց, որ Դուք պետք է ինքնաբացարկ հայտնեիք: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են նրանք կարծում, որ Դուք պետք է ինքնաբացարկ հայտնեիք այդ գործից:

– Նրանք ասում էին, որ ես կաշկանդված եմ, քանի որ Ռոբերտ Քոչարյանին եմ ազատել, Թավադյանն էլ Քոչարյանի ընկերն ու մտերիմն է: Ահավոր սխալ մեկնաբանություն էր տրվել իմ կայացրած դատական ակտին, որ ես իբր ասել եմ՝ Քոչարյանի գործ չկա, ուրեմն տուժող էլ չկա… Անհեթեթ պատճառաբանություններ՝ Եգորյանի և Բադալյանի կողմից: Բացի այդ, իմ կարծիքով, նշված փաստաբաններն այդ հարցազրույցի ժամանակ թույլ են տվել փաստաբանի վարքագծին հակասող արտահայտություններ, որոնք, թերևս, քննարկման առարկա պետք է դարձվեն Փաստաբանների պալատի կողմից:

Օրինակ, Տ. Եգորյանը բառացիորեն ասել է, որ ես Ռ. Քոչարյանի վերաբերյալ որոշմամբ իբր ասել եմ, որ վերջինիս նկատմամբ չի կարող լինել քրեական հետապնդում, և քրեական գործը ենթակա է կարճման: Ես, իհարկե, իրավունք չունեմ մեկնաբանելու իմ դատական ակտը, սակայն փաստն այն է, որ ես նման բան չեմ ասել, դատական ակտում նման միտք չկա, իսկ եթե պարոն Եգորյանն այս ավելի քան 1.5 տարվա ընթացքում այդպես էլ չի հասկացել իմ որոշման իմաստը, բովանդակությունը, ապա խորհուրդ կտայի նրան դիմել իրավաբանների, որպեսզի վերջիններս նրան բացատրեն: Կամ՝ ի՞նչ է նշանակում Եգորյանի այն արտահայտությունը, թե՝ «Ազարյանի հետ ամեն ինչ պարզ է 2018թ. օգոստոսի 13-ից հետո…»: Ի՞նչն է պարզ: Կամ՝ այդ հարցազրույցի ժամանակ փաստաբան Կ. Բադալյանն արեց արտահայտություն, թե իբր՝ «Ազարյանն անպատասխանատու պահվածք է դրսևորել ու անպատասխանատու արտահայտություններ է արել»:

Ի դեպ, երբեք չեմ շփվել այդ անձնավորության հետ, չեմ ճանաչում նրան, հարցազրույց վարողը ներկայացրեց՝ որպես փաստաբան: Դարձյալ մի մեջբերում կատարեմ այդ փաստաբանից: Կ. Բադալյանը, խոսելով Թավադյանի գործի մասին, ասաց՝ «Ազարյանը միջամտում է արդարադատության իրականացմանը»: Այսինքն՝ ես ոչ թե արդարադատություն իրականացնող եմ, այլ միջամտում եմ արդարադատության իրականացմանը: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՔԾ-ն ու Դատախազությունն են արդարադատություն իրականացնում, իսկ ես միջամտում եմ, թույլ չեմ տալիս, որ արդարադատություն իրականացնեն: Իմ կարծիքով՝ Եգորյանի ու Բադալյանի վերոհիշյալ արտահայտությունները խոսում են Եգորյանի կողմից, մեղմ ասած, ոչ բարձր պրոֆեսիոնալիզմի, իսկ Բադալյանի կողմից՝ անհիմն և անհեթեթ արտահայտություններ անելու ունակ լինելու մասին:

– Ջերմուկում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, ըստ էության, Ձեզ անդրադարձավ: Տեղյա՞կ եք այդ մասին, ինչպե՞ս կարձագանքեք:

– Իհարկե տեղյակ եմ: Նա խոսելով հանրության կողմից դատարանների նկատմամբ ոչ բավարար վստահության մասին՝ ասաց հետևյալը. «Երեկ վերաքննիչ դատարանը կալանքից ազատել է Ռոբերտ Քոչարյանի ամենահայտնի կողմնակիցներից մեկին»: Հետո ավելացրեց, թե մարդիկ ասում են՝ բա այսպես ո՞նց կլինի, չէ՞ որ գործն այն դատավորն է քննել, ով հրապարակային հայտարարություններ է արել՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի և նրա քաղաքական թիմի: Պատկերացնո՞ւմ եք: Սա նշանակում է, թե իբր ես հրապարակային հայտարարություններ եմ արել՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի և նրա քաղաքական թիմի: Ինձ մոտ առնվազն տարակուսանք են առաջացնում վարչապետի բառերը, քանի որ ես ի պաշտպանություն Ռ. Քոչարյանի կամ վերջինիս քաղաքական թիմի երբևէ որևէ արտահայտություն չեմ արել և ի պաշտոնե էլ չէի կարող անել:

Ես իրավունք չունեմ նման  հայտարարություններով հանդես գալու: Եվ հետաքրքիր է, թե ո՞վ է վարչապետին նման սուտ ինֆորմացիա տրամադրել, կամ արդյո՞ք վարչապետի համար դժվար էր ճշտել այդ ինֆորմացիայի իսկությունը: Կա՛մ թող դիմեին Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ), կա՛մ Կարգապահական հանձնաժողովին, եթե ես նման բան էի ասել: Կամ զարմանալի է, որ վարչապետը, գտնվելով Ջերմուկ քաղաքում, խոսում է այն մասին, թե մարդիկ մոտենում, իրեն նման բան են ասում: Խոսքը Վայոց ձորի մասին է: Մարդիկ Վայոց ձորում խոսում են «5-րդ ալիքի» սեփականատիրոջ գործի վերաբերյալ, այն դեպքում, երբ ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետը կոմայի մեջ է, ու նրան նույն Վայոց ձորում դաժան ծեծի ենթարկելու համար մեղադրվողը նույն Վերաքննիչ դատարանի կողմից ազատ է արձակվում: Այսինքն՝ մարդիկ Վայոց ձորում փոխգնդապետի գործից չեն խոսում, հարցնում են Թավադյանի՞ գործից: Եվ սա՝ այն դեպքում, որ «5-րդ ալիքն» այնտեղ չի հեռարձակվում: Հնարավո՞ր է նման բան:

– Միգուցե պատճառն այն է, որ Դուք Ձեր հարցազրույցներում բազմիցս քննադատել եք գործող քաղաքական իշխանությանը: Հնարավոր չե՞ք համարում այս տարբերակը:

– Ճիշտ է, ես բազմիցս քննադատել եմ գործող քաղաքական իշխանությանը դատարանների վրա ճնշումներ գործադրելու համար: Ավելորդ եմ համարում դարձյալ այդ հարցին անդրադառնալ, սակայն պնդում եմ, որ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի կամ նրա քաղաքական ուժի, թիմի՝ երբևէ որևէ արտահայտություն չեմ արել: Հակառակը, ես առաջիններից մեկն էի, ով հրապարակայնորեն քննադատեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցների մասնակցությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը: Ես չեմ ուզում անդրադառնալ դրա իրավական կողմին, քանի որ, նախ՝ դրա իրավունքը չունեմ, ու բացի այդ՝ այդ գործը հետագայում կարող է վերաքննության կարգով ինձ մակագրվել, ու ես այդ ժամանակ չեմ կարող քննել այն: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ բոլոր դատական գործերի ընթացքում ղեկավարվել եմ օրենքներով ու բոլոր դատական ակտերը կայացրել եմ՝ ղեկավարվելով օրենքով, այլ ոչ թե՝ հասարակական կամ այդ ժամանակ գործող իշխանության պահանջներով:

– Ասացիք, որ որևէ կերպ կաշկանդված չէիք քննելու Արմեն Թավադյանի գործը, ոչ էլ, թերևս, որևէ պոպուլիստական քայլի տրվելով եք կայացնում Ձեր դատական ակտերը: Ինչո՞վ է պայմանավորված փաստաբանական համայնքի անվերապահ աջակցությունը Ձեզ:

– Ես նախ և առաջ՝ շատ շնորհակալ եմ փաստաբանական համայնքին այն բարձր գնահատականի համար, որին ինձ արժանացնում են: Ես դա կարող եմ բացատրել միայն մի բանով. նրանք հասկանում են՝ ինչի մասին է խոսքը: Նրանք իրավաբաններ են, մսավաճառ, ինժեներ կամ բժիշկ չեն, որ չհասկանան՝ ինչի մասին է խոսքը: Իրենք շատ լավ կարդում են և կարող են գնահատական տալ: Այնպես չէ, որ ինձ աջակցում են միայն նրա համար, որ ես Ռոբերտ Քոչարյանին եմ ազատել: Ես միայն այդ որոշմամբ չեմ հայտնի՝ որպես դատավոր:

Փաստաբաններից հարցրեք՝ ես ինչո՞վ եմ հայտնի: Ժամանակին, երբ քննարկվում էր Վճռաբեկ դատարանի նախագահի հարցը, պահանջում էին Արման Մկրտումյանի հրաժարականը, այն ժամանակ՝ փաստաբան, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ այդ պաշտոնում ինձ է տեսնում: Նա ասաց, որ՝ թեպետ Ալեքսանդր Ազարյանը մշտապես իմ դիրքորոշմանը հակառակ որոշումներ է կայացրել, բայց ես իրեն եմ տեսնում այդ պաշտոնում, թեպետ ես օրենքով չէի կարող լինել այդ պաշտոնում:

Հիմա ինձ հետաքրքիր է, Նիկոլայ Բաղդասարյանն ի՞նչ կարծիքի է այս ամենի մասին. դատարաններ շրջափակելը, դատարան շրջափակելու կոչեր անելը, դատավորների վրա մատ թափ տալը, հրապարակայնորեն դատավորներին վախեցնելը… Միայն տգետին հայտնի չէ, թե Քոչարյանի գործով վարչապետն ի՞նչ է ուզում, ի՞նչ է պահանջում և ի՞նչ է ակնկալում դատավորներից և դատարանից: Ես ի պաշտպանություն Քոչարյանի չեմ ասում, ես խոսում եմ կոնկրետ անձի, երկրի ղեկավարի կողմից դատարանների վրա ճնշում գործադրելու մասին, իսկ այդ ճնշումներն ակնհայտ են: Հիմա ինձ հետաքրքիր է, թե Նիկոլայ Բաղդասարյանն ի՞նչ է մտածում այս ամենի մասին:

– Դուք փողոցում քայլում եք, մարդկանց վերաբերմունքն ինչպիսի՞ն է: Արդյո՞ք Ձեզ սպառնում կամ հայհոյում են:

– Ես ցանկացած պահի սպասում եմ նման բանի: Բայց ես մշտապես դուրս եմ գալիս, քայլում եմ, ճիշտ է, աշխատում եմ հասարակական վայրեր շատ չգնալ և միշտ էլ այդպես եմ արել, բայց այս պահի դրությամբ մարդիկ միայն դրական արձագանքներ են տալիս: Ես չեմ կարող ասել, որ բոլորը 100 տոկոսով ինձ աջակցում են: Ես զգում եմ, որ ինձ ճանաչում են, բայց համենայն դեպս մինչ այս պահը որևէ բացասական արտահայտություն կամ դրսևորում չի եղել:

Տեսանյութեր

Լրահոս