Կորոնավիրուս․ո՞ր խմբերն են ավելի խոցելի, ե՞րբ դիմել բժշկի, ո՞ր դեպքում ինքնամեկուսացվել․ պարզաբանում է վիրուսաբանը
168.am-ի զրուցակիցն է կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը:
– Պարոն Զաքարյան, քանի որ Հայաստանում կորոնավիրուսի գրանցման դեպքերն աճում են, հանրության մեջ խուճապային իրավիճակ է սկսվել, կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է անել՝ հետագա տարածումը կանխելու համար, ի՞նչ անելիք ունեն իշխանություններն ու քաղաքացիները։
– Ըստ էության, ունենք ներքին փոխանցման առաջին դեպքը։ Սա, իմ կարծիքով, պետք է լրիվ փոխի պայքարի գործողությունների տրամաբանությունը (եթե դրանք կան)։ Ի՞նչ կարելի է անել նման իրավիճակում․
1) արգելել բոլոր հասարակական միջոցառումները (եթե կա օրենսդրական նման հնարավորություն),
2) հասարակական բոլոր վայրերն ախտահանել մասնագիտական սարքավորումներով (եթե դրանք կան),
3) հայտարարել կարանտին Էջմիածնի և հարակից շրջանների համար։ Քանի դեռ ներքին փոխանցման դեպքերը չեն աճել երկրաչափական պրոգրեսիայով, սա կարող է էապես դանդաղեցնել տարածումը (սովորել Չինաստանի դրական ու Իտալիայի բացասական օրինակների վրա, այլ ոչ թե սպասել նոր դեպքերին ու դրանից հետո նոր տեղաշարժի սահմանափակումներ մտցնել),
4) ներդնել ինքնամեկուսացվող մարդկանց վերահսկման ու աջակցման մեխանիզմ, այլ ոչ թե հույսը դնել մարդկանց ինքնակազմակերպման վրա։ Ենթադրենք՝ մեկն ինքնամեկուսացվեց, ով է իրեն օգնելու այդ օրերի ընթացքում, ով է սնունդ բերելու, և այլն,
5) որպես պետություն՝ իր վրա վերցնել դիմակների և մի շարք այլ միջոցների ներկրման գործառույթը, սահմանել վաճառքի քանակի և գնի սահմանափակում, այլ ոչ թե մարդկանց բացատրել, թե ինչո՞ւ են գները բարձրացել։ Վերջապես, եթե չեք կարող ներկրել, կազմակերպեք պարզագույն արտադրություն։
Եվ ամենակարևորը, նշածս քայլերը բացարձակապես ոչ մի խուճապ չեն առաջացնի (իմ կարծիքով), եթե ամեն ինչ կազմակերպվի արագ և որակով։ Խուճապ կարող է սկսվել այն ժամանակ, երբ մեր առողջապահական համակարգը բախվի հազարավոր նոր դեպքերի հետ։ Այդ ժամանակ ամեն ինչ վերահսկելը կդառնա շատ ավելի դժվար։ Իտալիան՝ մեզ օրինակ։
Իսկ քաղաքացիները պետք է ավելի ուշադիր հետևեն այն կանոններին, որն ԱՆ հաղորդագրության մեջ կա։
– Ո՞ր սիմպտոմների դեպքում դիմել բժշկի, ո՞ր դեպքում ինքնամեկուսացվել։
– Եթե կան գրիպանման սիմպտոմներ, և վերջին շրջանում մարդը հաղորդակցվել է համաճարակային գոտուց եկած այլ մարդկանց հետ, անպայման պետք է դիմել բժիշկներին և հաղորդել իրենց այդ ինֆորմացիան։ Ինքնամեկուսացումը վերաբերում է առաջին հերթին այն մարդկանց, ովքեր գալիս են համաճարակային շրջաններից։ Բայց դրա կազմակերպման հետ կապված կան հարցեր, օրինակ՝ ով է սպասարկելու այդ մարդկանց, սնունդ բերելու, հետևելու, որ ամբողջովին ինքնամեկուսացված լինեն, և այլն։ Այս պահին սրանք բաց հարցեր են։
– Առողջապահության միջազգային կազմակերպությունը հայտարարել է պանդեմիա, սա ի՞նչ է նշանակում և ի՞նչ քայլեր է ենթադրում։
– Պանդեմիա նշանակում է, որ հիվանդության հարուցիչն արդեն տարածվել է ամբողջ աշխարհով և կա պոտենցիալ վտանգ, որ երկրագնդի ամբողջ բնակչությունը կամ մեծամասնությունը կարող են վարակվել։ ԱՀԿ-ն առայժմ չի փոխել իր ռեկոմենդացիաները, բայց չի բացառվում, կարող են հավելյալ ռեկոմենդացիաներ լինել՝ ելնելով իրավիճակից։ ԱՀԿ-ի հետ կապված պետք է հստակ հասկանալ, որ դրանք ռեկոմենդացիաներ են, սակայն յուրաքանչյուր երկիր իրավունք ունի նաև իրականացնել հավելյալ քայլեր, եթե կա դրա անհրաժեշտությունը և ռեսուրսները։
– Կորոնավիրուրսը ո՞ր խմբերի համար է առավել վտանգավոր (տարիքային խումբ, հիվանդություններ)։
– Եթե նայենք մահվան հաճախության բաշխմանը՝ ըստ տարիքային խմբերի, կտեսնեք, որ 65+ տարիքային խմբի մոտ այն գրեթե 10% է։ Համեմատության համար ասեմ, որ մահացության միջին տոկոսն այս վիրուսի համար 2.5-3% մոտ է։ Այսինքն՝ ստացվում է, որ մեծահասակներն առավել վտանգված խմբի մեջ են։ Այդ խմբի մեջ կարելի է դասել նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն իմունային համակարգի հետ կապված խնդիրներ։ Բայց կա նաև լավ նորություն՝ երիտասարդների և հատկապես երեխաների շրջանում մահացության տոկոսը շատ ցածր է։ Իսկ մինչև 9 տարեկան երեխաների շրջանում դեռևս ոչ մի մահվան դեպք չի գրանցվել։