«Եթե հանրաքվեն ժողովրդի պահանջն է, ի՞նչ եք ընկել դռնեդուռ ու ժողովրդին համոզում, որ գան քվեարկության». Արա Վարդանյան
«Այս հանրաքվեում իրական տեսանկյունից որևէ ձև չկա, որ «Այո»-ն հաղթի»,- ասում է «Հայաստան» hամահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ նշելով, որ ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեն առանց խախտումների չի անցնելու:
Արա Վարդանյանը մեջբերեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեսյբուքյան գրառումն այն մասին, որ՝ Թեղուտում մի շատ կիրթ, բայց ջղայնացած պապիկ մոտեցել է իրենց և ասել, որ «Այո» է քվեարկելու, բայց պետք է մի կողմ դնեն թավիշն ու «ոնց իրանք մարտի 1-ին ու հոկտեմբերի 27-ին մտան կտորեցին, նենց էլ դուք իրանց կտորեք», ինչին ի պատասխան՝ Աբրահամյանն ասել է, որ նման դեպքերի՝ այլևս չկրկնվելու համար են հեղափոխություն արել:
«Կրկին գործ ունենք մի պարզ իրողության հետ, որ ներկա իշխանությունը՝ չկարողանալով իրական կյանքում որևէ դրական փոփոխություն մտցնել, դիմում է հեղափոխական մեթոդներին՝ ժողովրդին անընդհատ կրիզիսային վիճակում պահել: Իշխանությունն այսօր, ցավոք սրտի, դիմում է նույն մեթոդներին, որոնցով բռնազավթեց իշխանությունը, փորձում են ժողովրդին զայրացնել՝ տարբեր փաստեր շահարկելով, որոնք իրականության հետ կապ չունեն: Սարքոցի է լինելու, չգիտեմ՝ ո՞նց են ապահովելու ձայները, բայց երևի մեխանիզմ արդեն հնարել են: Ես նույնիսկ կասկածում եմ, որ կարող է հանրաքվե առհասարակ չլինել»:
Արա Վարդանյանը կանխատեսում է, թե ո՞ր պարագայում կարող է հանրաքվեն չեղարկվել.
«Ենթադրում եմ, որ հանրաքվեից մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը կազմակերպելու է գաղտնի հարցում: Պատասխանը ստանալուն պես, եթե վստահ լինի, որ բոլոր լցոնումներով և ժողովրդի մասնակցությամբ կկարողանա «Այո»-ի հաղթանակն ապահովել, ապա կգնա հանրաքվեի, եթե ոչ, ապա նա կհայտարարի 10-15 կորոնավիրուսով հիվանդների մասին, երկրում կհայտարարի արտակարգ իրավիճակ, և դրանով պայմանավորված՝ կհետաձգի հանրաքվեն»:
Արա Վարդանյանը հիշեցնում է, որ դեռ ամիսներ առաջ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, թե Սահմանադրական հանրաքվեն ժողովրդի պահանջն է.
«Եթե ժողովրդի պահանջն է, ի՞նչ եք ընկել դռնեդուռ ու ժողովրդին համոզում, որ գան քվեարկության: Եթե սա ժողովրդի պահանջն է, ուրեմն, իրենց լեզվով ասած, «հանգիստ վեր ընկեք» ձեր գործի տեղերում և գործ արեք ժողովրդի համար: Եթե իրենց պահանջն է, իրենք կգնան ու «Այո»-ն կքվեարկեն: Մենք տեսնում ենք, որ ժողովրդին համոզում են, մենք կարող ենք արձանագրել, որ սուտ էր, թե սա ժողովրդի պահանջն էր»:
«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը պնդում է՝ չկա այն սերն ու թավիշը, որը քարոզում էին, ավելին, ըստ նրա՝ ատելություն է քարոզվում հասարակությանը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ ինքնաթիռով Սյունիք գնալու փաստին և այն պնդումներին, թե ինքը ճոխություններ չի սիրում՝ Ավետիսյանն ասաց.
««Ճիշտ է ասում»: Ինքը Սերժ Սարգսյանի մեքենան փոխեց ավելի ճոխ մեքենայով, այդպիսի մեքենաներով աշխարհում սուլթաններն ու խաներն են շրջում, բավականին թանկ մեքենաներ են: Իր տրամաբանությամբ և իմ պատկերացմամբ՝ ինքը պետք է շատ հասարակ մեքնայով ման գար և ապրեր այն տանը, որտեղ ապրում էր: Իր ասածներից դա էր հետևում, բայց իր խոսքերն ու գործերը տարբեր են»:
Ավետիսյանը հիշեցնում է, որ այսօր ամբողջ աշխարհում զբաղված են կորոնավիրուսի և դրա հետևանքների դեմ պայքարով, իսկ մեզ մոտ՝ «Այո», «Ոչ» ասելով ու հասարակությանը պառակտելով:
«Սիրելի հայրենակիցներ, այս հանրաքվեով որևէ խնդիր չի լուծվելու ձեզ համար: Այսօր գնալ այդպիսի ռիսկի, գնալ ընտրատեղամասեր, որտեղ փակ տարածություն է, և եթե ընդամենը մեկ վիրուսակիր էլ լինի, բոլորդ վարակվելու եք և այդ հիվանդությունը բերելու եք ձեր տուն: Մենք պետք է պայքարենք ոչ միայն կորոնավիրուսի դեմ, այլև ատելության վիրուսի դեմ, որի վիրուսակիր կազմակերպությունը գործող իշխանությունն է»,- դիմելով ժողովրդին՝ ասաց Ս. Ավետիսյանը:
Արա Վարդանյանն էլ առաջարկում է լսել Առողջապահության նախարարի կոչն ու երկու շաբաթով ինքնամեկուսանալ. «Թողեք՝ էս ժողովուրդը մի երկու ամիս հանգիստ ապրի»: