1 տարում 287.000 $ պարգևավճար. «Սերժի վախտից» 247.000 $-ով ավելի՝ Սյունիքի մարզպետարանում. Yerkir.am

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Բավականին խրթին տեղեկատվություն պարունակող գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ համաձայն «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի, Սյունիքի մարզպետարանի 2019 թ. պարգևատրման ֆոնդը կազմել է 89117.9 հազ. դրամ, իսկ խնայված ֆոնդից պարգևավճարների չափը 2018 թ. դեկտեմբեր ամսին կազմել է 18852.9 հազ. դրամ, 2019 թ.՝ 47781.0 հազ. դրամ:

Քանի որ պարգևատրման այլ հոդվածի կամ ֆոնդի մասին չկա հիշատակում՝ պատասխանից ենթադրելի է, որ 2018 թ. պարգևավճարները գոյացել են միայն խնայված միջոցներից՝ կազմելով 18.852.900 դրամ, իսկ ահա 2019 թ., Արարատի և Լոռու մարզպետարանների օրինակով, պարգևավճարների թիվը կտրուկ ավելացվել է լրացուցիչ եղանակով, այս պարագայում՝ ««տարածքային պետական կառավարման ապահովում» ծրագրի 11001 միջոցառման շրջանակում», նշված «խնայված միջոցներին» (47.781.000 դրամին) գումարելով ևս 89.117.900 դրամ:

Նամակում նշված է նաև, որ Սյունիքի մարզպետը խնայված ֆոնդից պարգևավճար չի ստացել: Հետևաբար՝ եթե Հունան Պողոսյանը խնայված ֆոնդից չի ստացել, փոխարենը ստացել է պարգևատրման՝ շուրջ երկու անգամ ավելի մեծ ֆոնդից, ապա ո՞րն է տարբերությունը կամ մարզպետարանի գլխավոր քարտուղարի՝ Հունան Պողոսյանի դեմքը փրկելու քայլի իմաստը:

Հետաքրքրական է նաև, որ, համապատասխանաբար՝ 133, 133 և 138 աշխատակիցներ ունեցող Արարատի, Լոռու և Սյունիքի մարզպետարաններում 2019 թ. վճարվել է համապատասխանաբար՝ 245.000 $, 308.000 $ և 287.000 $ պարգևավճարներ. աշխատակիցների գրեթե միևնույն թվով պետական հիմնարկներում պարգևավճարների անտրամաբանական տարբեր թվեր:

Նամակում գործածվող «խնայված ֆոնդ» եզրույթը ևս մոլորեցնող է. ըստ էության՝ այդ «խնայված» գումարները գոյացել են ծրագրերի չիրականացումից կամ թերի/կիսատ իրականացումից, և այդ գումարները պետական բյուջե հետ վերադարձի փոխարեն բաշխվել են որպես պարգևավճարներ: Ստացվում է պարադոքս իրավիճակ. մարդիկ իրենք իրենց պարգևատրում են ոչ թե ծրագիր իրականացնելու, այլ՝ չիրականացնելու համար, և ինչքան շատ չիրականացնեն ծրագրեր կամ իրականացնեն թերի/կիսատ, այնքան շատ գումար «կխնայեն», արդյունքում՝ կմեծանա պարգևատրման – խնայման ֆոնդը, իսկ բաշխումը կլինի առավել «յուղալի»:

Եզրակացություն. Սյունիքի մարզպետարանում պարգևավճարի տեսքով 2018 թ. վճարվել է ընդամենը 18.852.900 դրամ (շուրջ 39.500 $), իսկ ահա նախորդ իշխանություններին պետական բյուջեի անխնա թալանի մեջ մեղադրող և «պետական բյուջեն ծայրահեղ խնայող» նոր իշխանությունների օրոք հաստատված բյուջեով, 2019 թ. «խնայված» 47.781.000 դրամ-պարգևավճարին ավելացվել է ևս 89.117.900 դրամ, ինչի արդյունքում 2019 թ. Սյունիքի մարզպետարանում պետական բյուջեից հաճույքով ըմբոշխնել են շուրջ 136.900.000 (287.000 $) դրամ կամ 118.046.000-ով (247.000 $-ով) ավելի, քան ծախսվել է 2018 թ.՝ «Սերժի վախտ» հաստատված բյուջեով:

Վ. Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս