«Որևէ պետական կառույցի կամ անձի, այդ թվում՝ Աբովյանի քաղաքապետի դեմ դեմարշ չեմ իրականացրել». Կոտայքի մարզպետ
Մարտի 5-ին Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած հարաբերություններին, ասել էր, որ ինչ-որ պետական կառույցի, անձի դեմ դեմարշ անելով՝ չես կարող աշխատել։
168.am-ը Կոտայքի մարզպետից հետաքրքրվեց, թե ի՞նչ դեմարշի մասին է խոսքը, իր և Վահագն Գևորգյանի անձնական հարաբերություններում լարվածություն կա՞։
«Ճիշտ ասած, չեմ հասկանում, թե ում նկատի ունի՝ պետական կառույցի կամ անձի դեմ դեմարշ ասելով։ Ես որևէ պետական կառույցի կամ անձի, այդ թվում՝ Աբովյանի քաղաքապետի դեմ դեմարշ չեմ անում, ցույց տվեք գեթ մեկ օրինակ, երբ ես դեմարշ եմ արել պետական կառույցի դեմ, ամբողջ օրը ես խոսում եմ պետական կառույցների անհրաժեշտությունից, նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմնելիս՝ խոսել ենք ինստիտուցիոնալ ընդդիմություն ունենալու անհրաժեշտությունից։
Ինչպե՞ս կարող է որևէ մեկն ինձ ակնարկել պետական կառույցի դեմ դեմարշի մասին, գուցե նկատի ունի տեղական ինքնակառավարման մարմնի դեմ դեմարշը, բայց ես ՏԻՄ-երի հզորացման ու կայացման ջատագովն եմ»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։
Ըստ նրա, տեղյակ չէ, թե քաղաքապետն ում և ինչ է ակնարկում, միևնույն ժամանակ՝ վստահեցրեց, որ ինքը որևէ կերպ «դեմարշ» արտահայտության հետ աղերս չունի և քաղաքապետի հետ անձնական որևէ խնդիր չունի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում