Բաժիններ՝

Չեխիայում արգելել են 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ ակցիաները և փակել են դպրոցները

Կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների տարածման կապակցությամբ Չեխիայի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 10-ից արգելել 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ բոլոր հասարակական միջոցառումները, ինչպես նաեւ փակել տարրական ու միջնակարգ դպրոցներն ու բուհերը: Այդ մասին մարտի 10-ին անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտնել է հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը:

«Ուշադրության առնելով Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրադրության զարգացումը՝ մենք որոշում ենք ընդունել նոր արտակարգ միջոցառումների մասին: Մարտի 10-ին ժամը 18:00-ից (Երեւանի ժամանակով 21:00-ից) արգելված են բոլոր կինո-, թատերական, երաժշտական, մարզական միջոցառումները, կրոնական արարողությունները եւ 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ այլ միջոցառումներ»,-ասել է Բաբիշը:

Բացի այդ, վարչապետը հայտարարել է, որ արգելվում է տարրական ու միջնակարգ դպրոցների, տեխնիկական ուսումնարանների եւ բուհերի սովորողների հաճախումն իրենց ուսումնական հաստատություններ, նշելով, որ այդ որոշումը մանկապարտեզներին չի վերաբերում:

Վարչապետի խոսքով՝ կառավարության այս որոշումը, որն առայժմ անորոշ ժամանակով է ընդունվել, չի վերաբերում դատարանների, պետական հիմնարկությունների եւ խորհրդարանի աշխատանքին: Մարտի 10-ին ավելի վաղ հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը հայտնել է, որ Չեխիայում ներկա դրությամբ գրանցվել է COVID-19 վիրուսով 40 հիվանդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս