Տնտեսական անորոշությունները մենք կփարատենք ճիշտ իրազեկման գործունեությամբ. Էկոնոմիկայի փոխնախարար
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ամերիա» ՓԲԸ-ն 2019 թվականին կատարել է փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի վերաբերյալ հետազոտություն՝ ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները գնահատելու համար, և այսօր ներկայացրեց հետազոտությունների արդյունքները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի խոսքով՝ այս հետազոտությունը տարբերվում է դասական վիճակագրությունից, որովհետև, ըստ նրա, վիճակագրությունն ավելի շատ թվերի մասին է, իսկ «Ամերիա» ՓԲԸ-ի կատարած հետազոտություններում անձնական սպասումներ են, անձնական ակնկալիքներ ու կարծիքներ: Այդուհանդերձ, փոխնախարարի խոսքով՝ դա կարող է ուղղորդիչ լինել իրենց համար:
Նաիրա Մարգարյանի դիտարկմամբ՝ երբ հետազոտությունում հանդիպել են այնպիսի փաստերի, որ իրենց կատարած փոփոխությունները ՓՄՁ-ների կարծիքների ու ակնկալիքների մեջ չի արձանագրվել, ապա դա նշանակում է, որ դեռ ՓՄՁ-ին չի հասել արված փոփոխությունը, և դա ազդակ է, որպեսզի աշխատեն իրազեկման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է ներդրումներին, փոխնախարարի դիտարկմամբ՝ կարևոր է ներդրումների որակը, ոչ թե՝ տված գումարային արդյունքը:
«Ներդրումային առումով իմ կոորդինացիայի ոլորտում մենք չենք գնահատում զուտ գումարային ներդրումները: Մենք գնահատում ենք այն որակական և այն հնարավորությունների փոփոխությունները, որոնք որ ՓՄՁ-ների մոտ տեղի կունենան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Մարգարյանը՝ հավելելով, որ իրենք թիրախավորում են ՓՄՁ-ներում արտադրողականությունը, արտադրողականության բարձրացումը, ՓՄՁ-ների մրցունակության բարձրացումը:
Անդրադառնալով ընկերության հետազոտությանը, ու դրա արդյունքում «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի դիտարկմանը, թե տարբեր ձեռնարկություններ ունեն իրարամերժ սպասելիքներ, Ն.Մարգարյանը վստահեցրեց, որ յուրաքանչյուր թիրախային խմբի համար ունեն իրեն ուղղված գործիքակազմ, և մշակվում է նաև լրացուցիչ գործիքակազմ:
Հիշեցնենք, որ Տիգրան Ջրբայանը, ՀՀ-ում ՓՄՁ-ների համար տնտեսական քաղաքականության մասին խոսելով, ասել էր, որ առկա է տնտեսական անորոշություն, պետք է որոշակիություն տնտեսական քաղաքականության տեսակետից, որպեսզի ՓՄՁ-ները հասկանան, թե ինչպիսին են տնտեսական հեռանկարները, ռազմավարական ծրագրերը, և անհրաժեշտ է համապատասխան պետական քաղաքականության իրականացում, որը պետք է լինի թիրախավորված:
Էկոնոմիկայի փոխնախարարը տնտեսական անորոշության կարգավորման մեկ հստակ պատասխան ունի՝ իրազեկումը:
«Նման անորոշությունները մենք կփարատենք ճիշտ իրազեկման գործունեությամբ, որպեսզի ՓՄՁ-ներն իմանան՝ ինչ է իրենց սպասում, ինչպիսի գործիքներ ու հնարավորություններ կարող են ունենալ: Դա շատ շուտով կսկսենք լայնամասշտաբ տարածել: Անորոշությունը պետք է սահմանենք, որպեսզի կարողանանք ճիշտ պատասխանել այդ հարցին»,- ասաց Մարգարյանը՝ վստահեցնելով, որ ՓՄՁ-ները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում՝ որպես ներառականության ու արդյունավետության լոկոմոտիվներ:
Հետաքրքրվեցին, թե փոխնախարարի կարծիքով՝ այս պահին իրականացվող ՀՀ տնտեսական քաղաքականությունը հարմա՞ր է ՓՄՁ-ների գործունեություն ծավալելու համար:
«Խոչընդոտներ կան, գիտենք, որ կա: Մեր ռազմավարությունն ուղղված է այդ խոչընդոտների վերացմանը կամ դրա մեղմմանը: Եվ ներառում է՝ ինչպես պետական աջակցության ծրագրեր, այնպես էլ՝ պարզապես մասնավոր սեկտորի հետ աշխատանք, որպեսզի թե՛ կարողությունների առումով, թե՛ միջավայրային առումով կարողանանք այդ խոչընդոտները հարթել: Եվ այս հետազոտությունը հենց դրանով է կարևոր, որովհետև կա՛ վիճակագրություն, որի վրա մենք հիմնվում ենք և որոշումներ ենք կայացնում, և կան արդեն սուբյեկտիվ պատասխաններ ՓՄՁ-ի, որը մեզ համար ևս ուղղորդիչ է»,- ի պատասխան՝ ասաց փոխնախարարը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում