«19 շենքերից 13-ը կառուցվում է համայնքապատկան հողերի և երրորդ անձանց պատկանող հողերի վրա». Կոտայքի մարզպետը՝ Աբովյանի քաղաքապետին առաջադրված մեղադրանքի մասին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կարծիքով՝ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, բազմաբնակարան շենքերի կառուցման հետ կապված՝ «լղոզում է» ամբողջ իրականությունը։
«Քաղաքապետի մամուլի ասուլիսի ժամանակ լսեցինք, որ նա ասում է, որ մարդիկ հողեր են առել, հողերի վրա շենքեր են կառուցում, և այլն։ Իմ ձեռքի տակ ունեմ ամբողջ փաստաթղթերի տրցակը, որտեղ կարող եք ականատես լինել, թե ինչպես չորս պետական ինստիտուտների փոխգործակցության արդյունքում հայտարարություն տարածվեց և քաղաքապետին մեղադրանք առաջադրվեց, խոսքը մարզպետարարանի, քաղաքաշինության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի մասին է։ Մեկ տարի առաջ մարզպետարանն Աբովյանի քաղաքապետարանում իրականացրեց մարզպետի ինստիտուտին վերապահված վարչական վերահսկողության գործառույթներ, որի ընթացքում հայտնաբերվել են առերևույթ խախտումներ, դրանք փոխանցվել են դատախազություն։
Քաղաքապետն Աբովյանում մեկ տասնյակի հասնող շենք-շինություններ է կառուցում, որոնց հետ կապված՝ քաղաքապետարանում փաստաթղթեր գոյություն չունեն, ամբողջ շինհրապարակի մի զգալի հատվածի նկատմամբ որևէ մեկի սեփականությունը գրանցված չէր»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե պետությունը, մարզպետարանն ինչ ծրագրեր ունեին՝ կապված համայնքապատկան այն հողերի հետ, որտեղ քաղաքապետը շենք-շինություններ է կառուցում, որն ըստ էության որևէ առնչություն չուներ մեր հարցադրման հետ։
Ըստ նրա, ամբողջ շինհրապարակը, որտեղ կառուցվում են շուրջ 19 շենք-շինություններ, 5,4 հեկտար է, որից 3,7 հեկտարը համայնքային սեփականության հողեր են։ Ուստի համայնքապատկան հողերի վրա ինքնակամ շենք-շինությունների կառուցումը չկասեցնելը, հետևանքները չվերացնելը և օրենքով սահմանված կարգով օրինական գործընթաց չիրականացնելը ենթադրում է քրեական պատասխանատվություն։
Կոտայքի մարզպետն ընդգծեց, որ կառուցվող 19 շենքերից 6-ի կառուցումն իրականացվում է շինթույլտվությամբ՝ սեփական հողերի վրա, իսկ 13-ը կառուցվում է համայնքապատկան հողերի և երրորդ անձանց պատկանող հողերի վրա։
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել բազմաբնակարանային շենքերի կառուցման ընթացքում մի շարք խախտումներ թույլ տալու համար:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում