«Դատարկագլուխ մարդիկ են ԱԺ-ում, հիմա էլ առաջարկում են արգելել վարկային կազմակերպությունների գովազդը». Շուշանիկ Արևշատյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է արգելել վարկային կազմակերպությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ համացանցում: Այս խնդրի մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը:

Ըստ նրա՝ օրինագծով նախատեսվում է արգելել սպառողական վարկերի տրամադրման ցանկացած տեսակի գովազդ, այդ թվում ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով և համացանցում:

«Թե ինչու Արտակ Մանուկյանը հանկարծ վատ երազում տեսավ եւ որոշեց փակել վարկային կազմակերպությունների գովազդը Հայաստանի գովազդային շուկայում, հիմնավորումը պարզ է՝ մարդիկ ընկնում են մեծ վարկերի տակ, վարկային կազմակերպությունները բարեխիղճ չեն կատարում իրենց պարտավորությունները, խաբում են մարդկանց: Պարո՛ն Մանուկյան, արթնացե՛ք, ի՞նչ կապ ունի այստեղ գովազդը, այն կատարում է լիովին այլ գործառույթ: Եթե դրա մասին չգիտեք, եկեք մեզ մոտ մաստեր-կլասի, մենք 2 ժամում ձեզ կպատմենք՝ ինչ է գովազդ, ինչպիսին է դրա ազդեցությունը եւ որն է ընդհանրապես գովազդի գործառույթը»,- հայտարարեց տնօրենը:

Նրա կարծիքով՝ վարկային կազմակերպությունների կողմից բնակչությանը բարձր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու խնդրի հարցում գովազդների արգելքը վերջին օղակն է:

«Եթե դուք ուզում եք օգնել ժողովրդին, ապա դուք ճիշտ տեղից չեք սկսել, խնդիրը գովազդը չէ: Դուք լուծում եմ Հայաստանի բնակչության ահռելի ֆինանսական խնդիրը գովազդի վրա արգելք դնելո՞վ: Դուք այնքան թույլ եք, որ չեք կարող ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի միջոցով ազդել վարկային կազմակերպությունների վրա, որոնք տրամադրում են անբարեխիղճ, ինչպես ձեզ է թվում, գովազդ եւ տոկոսադրույքների հարցում խաբում են ժողովրդին: Եվ որոշում եք ուղղակի փակել գովազդը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, իսկ ամեն քայլափոխի, բոլոր սուպերմարկետներում թողնել այդ վարկային կազմակերպությունները: Սա նորմա՞լ երեւույթ է»,- ասաց Շուշանիկ Արեւշատյանը:

«Ռադիո Վանի» տնօրենը նաեւ հարց է բարձրացնում, թե ինչու մինչեւ օրինագծի ներկայացումը քննարկումներ չեն անցկացվել հեռուստառադիոընկերությունների հետ:

«Ես ուզում եմ հասկանալ՝ դուք ի՞նչ նպատակ եք հետապնդում, ձեր խնդիրը ո՞րն է: Ուզում եք փակե՞լ զլմ-ները, ուզում եք դատարկե՞լ մեր գրպանները, փակե՞նք աշխատատեղերը, դադարե՞նք հարկեր վճարել: Դուք արդեն մեզ հոգնեցրել եք, հանգիստ թողեք մեզ, թողեք հանգիստ ապրենք եւ աշխատենք: Մենք աջակցել ենք հեղափոխությանը, բայց չէինք ուզում, որ լիներ այսպիսի արդյունք: Եթե դատարկագլուխ մարդիկ նստած են խորհրդարանում եւ չեն հասկանում այն օրենքները, որն իրենք էլ մտածում են, ինքներդ ձեզ մեղադրեք»,- նշեց Շուշանիկ Արեւշատյանը:

Տեսանյութեր

Լրահոս