«Եղվարդի ծննդատունը կվերանորոգվի և կշարունակի գործել». Ռոմանոս Պետրոսյան
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Եղվարդի ծննդատան հետագա ճակատագրին՝ նշելով, որ այն շարունակելու է գործել։
«Ծննդատանն այս պահին գրեթե ավարտվում են չափագրման աշխատանքները, աշխատանքները բարձր մակարդակով իրականացնում է «Երևան» նախագիծը։ Ծննօգնության բաժինը, ծննդարանը և կանանց կոնսուլտացիոն բաժինը, ինչպես նաև ամբողջ նախասրահը վերանորոգելու ենք, վերազինենք ամբողջական գույքով։ Առնվազն երկու շաբաթվա ընթացքում վերջնական մրցույթի ենթակա փաստաթղթավորումը նախահաշվով պատրաստ կլինի, որից հետո օրենքով սահմանված կարգով մրցույթ կհայտարարվի՝ «Գնումների մասին» օրենքի համաձայն, մեկ ամսվա ընթացքում հայտերը կընդունվեն, հաղթողի հետ պայմանագիր կկնքվի, և աշխատանքները կմեկնարկեն»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։
Նա տեղեկացրեց, որ ծննդատան վերանորոգման համար տրվող միջոցների մի մասը լինելու է սեփական խնայողությունների հաշվին, միջոցներ կուղղվեն նաև վերականգնված գումարների հաշվից, ներգրավվելու են որոշակի մեկենասներ, նաև՝ սփյուռքից։
«Խնդրում ենք մի փոքր համբերել, մինչև վերջնական նախահաշիվները կունենանք, կհասկանանք, թե սեփական միջոցներով ո՞ր հատվածն ենք կարողանալու վերանորոգել, եթե առանձին սարքավորումների խնդիր լինի, կխնդրենք անհատների աջակցությունը»,- հավելեց Ռ. Պետրոսյանը։
Նա նաև ընդգծեց, որ այս պահին ծննդատունը գործում է, ֆինանսավորումն էլ եղել է այս տարվա պետպատվերի շրջանակներում, գրեթե 20 ծնունդ են արդեն ընդունել։
«Վերանորոգման ընթացքում ծննդօգնության բաժանմունքը զուգահեռաբար աշխատելու է, չորս հարկանի շինություն է, առանձին հարկաբաժինը, որն այս պահին չի շահագործվում՝ դրանից ենք սկսելու վերանորոգումը։ Այսինքն՝ ծննդօգնությունը գործելու է իր բնականոն հունով։ Ապրիլի վերջ, մայիսի սկզբին շինաշխատանքները կմեկնարկեն և առավելագույնն աշնան սկիզբ կավարտվեն»,- եզրափակեց Կոտայքի մարզպետը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում