Խամենեին կորոնավիրուսի պատճառով չեղարկել է ամանորյա ուղերձը
Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին չեղարկել է ավանդական ուղերձը, որով նա պետք է հանդես գար իրանական օրացույցով Նոր տարվա գալուց անմիջապես հետո, որն այս տարի համընկնում է մարտի 19-ին: Նրա վարչակազմի համապատսխան հայտարարությունը հրապարակել է Fars գործակալությունը։
«Հոգեւոր առաջնորդի ելույթը, որն ամեն տարի տեղի է ունենում Նոր տարվա առաջին օրը Մեշհեդում իմամ Ռըզայի դամբարանում, չի կայանա»,- ասված է հայտարարության տեքստում: Նշվում է, որ դա արվում է «կորոնավիրուսի տարածման պատճառով եւ առողջապահության բնագավառի մասնագետների հանձնարարականներին համապատասխան»:
Իրանում փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, գրանցված է վարակման 6566 դեպք, ընդ որում՝ 2134 մարդ ապաքինվել է, 194-ը՝ մահացել: Իսլամական Հանրապետությունում չի մնացել եւ ոչ մի նահանգ, որտեղ նոր տիպի կորոնավիրուս գրանցված չլինի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: