«Եթե իշխանության ներկայացուցիչը կարծում է, որ նորմալ է, երբ հայհոյում են մարդկանց, ապա դա շատ լուրջ մտահոգության տեղիք է տալիս». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված՝ իրենք իրենց դիրքորոշումն արդեն հայտնել են, հետևաբար՝ չի մեկնաբանի քարոզարշավի հետ կապված որևէ բան:
«Մենք ուղղակի մեկ-մեկ արձագանքում ենք մեզ ուղղված տարատեսակ լուրերին, ինչ-որ նյութ կար հրապարակված շտաբի վրա, որտեղ գրված էր՝ ԼՀԿ, և գանգ էր նկարված, դա սոցիալական ցանցերում տարածվել էր, և հույս ունեմ, որ այդ նյութը հանվել է: Մենք որևէ ձևով որևէ այլ բանի չենք մասնակցում: Ինձ հետ կապ է հաստատել Սուրեն Պապիկյանը և ասել, որ սրա հետ իրենք կապ չունեն, բայց կհետևեն, որպեսզի տեսնեն՝ ով է դրել՝ հանեն: Մենք որևէ բանում ներառված չենք և չենք կարող մեկնաբանել»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի բնորոշմանը, որ ընդդիմությունը կարող է Ֆեյսբուքից դուրս գալ և տեսնել, թե իրեն որքան են հայհոյում, Է. Մարուքյանը նկատեց՝ եթե իշխանության ներկայացուցիչը կարծում է, որ նորմալ է, երբ հայհոյում են մարդկանց, ապա դա շատ լուրջ մտահոգության տեղիք է տալիս:
«Մենք ամեն օր փողոցներում ենք և շփվում են մարդկանց հետ, մեզ հայհոյող չի եղել: Իշխանությանը և ընդդիմությանը պետք չէ սիրել, վստահել կամ չվստահել, աջակցել կամ չաջակցել: Հիմա մի օր մեկին սիրում են, մյուս օրն էլ չեն սիրի: Մեր տրամաբանության մեջ մարդիկ մի օրում ինչ-որ մարդկանց դարձնում են հերոս, և նույն մարդիկ նույն օրում նրանց դարձնում են դավաճան, հետևաբար, եթե այդ թրենդին հետևենք՝ սիրում են, չեն սիրում, դուրս կգանք ողջամտության սահմաններից»,- հավելեց նա:
Ըստ նրա, եթե նայեն ֆեյսբուքյան տիրույթը, տպավորություն է, որ միայն իշխանությունն ունի աջակիցներ, բայց բնավ այդպես չէ, ուղղակի մյուսները լուռ կարդում են ու անում հետևություններ, որովհետև նյարդեր չունեն, որ իրենց վրա մի 200 հոգի հարձակվի, սեռական հայհոյանքներ տա:
«Այդ մարդկանց հոգեկանն ուղղակի խանգարվում է, մարդիկ չեն կարողանում օր ու արև ունենալ դրա պատճառով»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:
Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ընդգծեց, որ իշխանական գործընկերների այդ բացատրությունն արդարանալու համար են տալիս, քանի որ փորձում են արդարացնել այն մթնոլորտը, որ հաճախ ստեղծվում է նաև նրանց մասնակցությամբ: