«Այս հարցի հասցեատերը մենք չենք, սա հանդիպող կողմերի կամքի վրա է». «Իմ քայլի» պատգամավորը՝ Սերժ Սարսգսյանի բրյուսելյան այցի մասին

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ 168.am-ն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կգնահատեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի քաղաքական բովանդակությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մեկնելու է Բրյուսել և հանդիպելու է ԵԺԿ նախագահի հետ: Նաև հետաքրքրվեցինք՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ անդամ չէ,  ինչո՞ւ է վարչապետը հանդիպում ԵԺԿ նախագահի հետ:

Իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցին հարցով պատասանեց. «Սերժ Սարգսյանի մասով որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, ի՞նչ եք ակնկալում, որ ես պատասխանեմ: Ինչո՞ւ և ի՞նչ շրջանակներում է այդ հանդիպումն ընթանում, կարծում եմ՝ Ձեր հարցադրումը կարող եք ուղղել գործադիրին»:

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ ընդգծեց. «Այսինքն՝ մենք սահմանները պետք է փակե՞նք, ասենք՝ մերժված քաղաքական գործիչներն իրավունք չունե՞ն լքելու Հայաստանը և այն անձանց կողմից, որոնք ըստ երևույթին ցանկություն են հայտնել հանդիպելու, իրենց փոխարեն որոշենք ու ասենք՝ դուք չպե՞տք է մերժված քաղաքական գործիչների հետ հանդիպեք: Կարծում եմ՝ սա տրամաբանական չէ, և, եթե անձը որևէ սահմանափակում չի ունեցել, այստեղ նաև հարց է առաջանում, թե նրա՝ ստորագրություն չհեռանալու մասին պարագայում, ինչպես է նա լքել Հայաստանը, այս հարցի հասցեատերը մենք չենք, հուսանք՝ պարզաբանումները տրվել են արդեն, սա հանդիպող կողմերի կամքի վրա է, մենք ո՛չ գործիքակազմ, ո՛չ ցանկություն չունենք դրան միջամտելու»:

Դիտարկմանը՝ որևէ միտում չե՞ն տեսնում, քանի որ հանդիպումից հետո Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ «ուրիշ հաճույք է հետևել Սերժ Սարգսյանի և հանրապետականների Բրյուսելյան այցի կապակցությամբ իշխանական, իշխանամերձ, իշխանաբնակ շրջանակների արձագանքներին և նշել, որ շատ չուրախանան, քանի որ շուտով վերադառնալու են», Սուրեն Գրիգորյանը նշեց, որ, եթե սկսի հետևել Արմեն Աշոտյանի գրառումներին, ապա ամեն օր այդ գրառումների միտումների մեկնաբանությամբ պետք է զբաղվի:

Սիսակ Գաբրիելյանն էլ հավելեց. «Սերժ Սարգսյանին մաղթում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ նա դրա հնարավորությունն ունի»:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Տեսանյութեր

Լրահոս