«Ֆիլմն այնպիսի թեմա ունի, որ չես մտածում նրա կոմերցիոն լինելու մասին». «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրոդյուսեր
Ավարտվեցին մեծ ճանաչում գտած «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները, և շուտով ֆիլմը կհանձնվի հանդիսատեսի դատին ու հասանելի կլինի կինոթատրոններում:
«Հարսանիք թիկունքում» ներկայացումը, որի առաջնախաղը տեղի ունեցավ 2018թ. մայիսի 30-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, սիրվեց հանդիսատեսի կողմից, նախ և առաջ՝ իր հուզականության, թեմայի ու ներկայացման մեջ դրված նյարդի շնորհիվ. Ներկայացումն Ապրիլյան պատերազմի մասին էր ու չէր կարող չհուզել հայաստանյան ու սփյուռքի հանդիսատեսին:
Մինչ այսօր ներկայացումը խաղացել են շուրջ վեց տասնյակ անգամ՝ ունենալով մոտ 32.000 հանդիսատես Գյումրիում, Երևանում, ԱՄՆ-ում ու Լիբանանում:
Ուշագրավ է, որ մեր օրերում կարող էր արտադրվել շահութաբեր ներկայացում, և այն էլ՝ մարզային թատրոնում. ներկայացումից ստացված հասույթը կազմել է մոտ 67.5 միլիոն դրամ:
Ներկայացման հաջողությունը նրա հեղինակների համար դարձավ ներկայացումն էկրանավորելու գաղափար, և արդեն իսկ «Հարսանիք թիկունքում» ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվեցին 2020թ. հունվարից: Նպատակ կար ֆիլմը թողարկել Ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի հերթական տարելիցի նախօրեին:
168.am-ի հետ զրույցում ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանն ասաց, որ ներկայացումն էկրանավորելու մտահղացումը Երևանի ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանինն է, ով նաև ներկայացման պրոդյուսերն էր:
«Առաջարկը եղել է թատրոնի կողմից, և ես հանձն եմ առել ֆիլմը լայն հանդիսատեսին հասցնելու գործը, որովհետև նախ՝ թեման արդիական էր, և բացի դրանից՝ տեսնելով, թե ներկայացումը թատերական բեմում ինչ հաջողություն է արձանագրել, մտածեցի, որ կինոէկրանից էլ նույն հաջողությունը կունենա»,- ասաց ֆիլմի պրոդյուսերը՝ հավելելով, որ ներկայացում էկրանավորելու փորձը Հայաստանում է նորություն, այնինչ աշխարհում նմանատիպ օրինակներ շատ կան:
Արման Միտոյանը նշեց, որ քանի որ այդ առումով էլ մեր իրականության մեջ նորություն էր սա, գաղափարն էլ ավելի ոգևորեց:
Ֆիլմի պրոդյուսերի խոսքով՝ սցենարային առումով ֆիլմը ներկայացման համեմատ փոփոխություն չի կրել, այն ենթարկվել է դերասանական խաղի, տարածքի դեկորացիայի փոփոխության ու հարմարեցվել է կինոյի լեզվին: Չի եղել նաև դերասանական կազմի փոփոխություն:
Հարցին, թե ֆիլմը բավականին կարճ ժամանակում նկարահանվեց, արդյո՞ք որակական առումով չի զիջի, Արման Միտոյանը պատասխանեց՝ քանի որ ֆիլմը ստեղծելու մտահղացումը վաղուց կար, և իրենց մտքում այն անընդհատ խմորվում էր, նախապատրաստական աշխատանքներն ըստ էության ավելի վաղ են սկսվել:
«Եվ քանի որ հրավիրեցինք ոլորտի լավագույն մասնագետներին՝ ռեժիսոր Արշալույս Հարությունյանին, բեմադրող օպերատոր Սուրեն Թադևոսյանին, երկրորդ ռեժիսոր Սուրեն Սաֆարյանին, հետմոնտաժային արտադրական աշխատանքները համակարգող Սուրեն Սարգսյանին, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանին, աշխատանքներն էլ ավելի դյուրին դարձան»,- ասաց Արման Միտոյանը՝ հատուկ ընդգծելով, որ Գյումրու թատրոնի դերասանական անձնակազմն էլ իր հերթին էր շահագրգիռ գիշեր-ցերեկ աշխատել՝ լավագույն արդյունք ունենալու համար:
Ֆիլմի պրոդյուսերն ասաց նաև, որ, թեև ֆիլմը նկարահանվել է բեմի վրա, այն հեռուստաթատրոնի ֆորմատով չէ:
«Բեմի վրա ստացել ենք տաղավար, որում էլ նկարահանել ենք մեր ֆիլմը»,- ասաց Արման Միտոյանը:
Ի պատասխան դիտարկման, թե ֆիլմը հավանաբար նաև կոմերցիոն նպատակներ է հետապնդում, Արման Միտոյանն ասաց, որ, եթե կոմերցիոն ասելով՝ ուզում ենք հասկանալ հանդիսատեսի քանակ, ապա, այո, հետապնդում է:
«Մենք հաշվի ենք առել, որ հանդիսատեսի կողմից հետաքրքրություն լինելու է, բայց ֆիլմն այնպիսի թեմա ունի, որ չես մտածում ֆիլմի կոմերցիոն լինելու մասին, այլ ուրախ ես, որ մասնակիցն ես այդ գործընթացի, որը մնալու է պատմության մեջ»,- եզրափակեց «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը: