«Եթե «կամերում» մեկը մյուսին սարքում են հեղինակություն, իմ մեղքը ո՞րն է… Հիմա մեկն ինձ պատգամավոր է ընտրել, իրենց էլ իրենք են ընտրում». Ռուբիկ Ստեփանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը, որը նախորդ իշխանությունների ժամանակ եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթին, որի ժամանակ նա հայտարարեց, որ ԼՀԿ-ի մի շարք պատգամավորներ նախորդ իշխանությունների ժամանակ բարձր պաշտոններ են զբաղեցրել, նշեց, որ, երբ նշանակվել է քրեակատարողական հիմնարկի պետ, կարգուկանոն է հաստատել այնտեղ:

«Նուբարաշեն ՔԿՀ-ում ես ընդունել եմ 1200 դատապարտյալ, որից 93-ը ցմահ են եղել: Ինձ բոլորը հարգել են: Այսօրվա իշխանությունից կան մարդիկ, օրինակ՝ վարչապետը, եկել է ինձ մոտ ու տեսել է, թե ես ինչպես եմ վերաբերվում կալանավորներին, դատապարտյալներին»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ Քրեակատարողականի պետ եղած ժամանակ ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթ կրողներ կայի՞ն, Ռուբիկ Ստեփանյանը պատասխանեց.

«Հիմա մեկը ինձ պատգամավոր է ընտրել, իրենց էլ իրենք են ընտրում, իմ մեղքը ո՞րն է: Իրենք մեկին շեֆ են սարքում, մեկին՝ գող, մեկին՝ «ավտարիտետ», ես ի՞նչ պիտի անեմ: Ասենք, «կամերում» մեկը մյուսին սարքում են հեղինակություն, իմ մեղքը ո՞րն է: Այսօր երիտասարդությունը սաղ ասում են՝ «բարև, ախպեր ջան, ո՞նց ես…», սաղ ենթամշակույթ են, դրա դեմը կարա՞ն առնեն»:

Նա շեշտեց, որ քրեական ենթամշակույթ կա և կշարունակվի, որի դեմն առնելու համար էլ օրենք են ընդունել, սակայն այստեղ էլ պատգամավորը խնդիր է տեսնում:

«Օրինակ՝ մեկը  հանկարծ չասի՝  «ավտարիտետ» եմ, բռնեն-տանեն»,- եզրափակեց Ռուբիկ Ստեփանյանը:

Տեսանյութեր

Լրահոս