«Թող իրենք իրենց անցյալը մի հատ հիշեն, եթե այդքան չընդունված մարդ էի, ո՞նց էին ինձ այդքան ձայն տվել». Ռուբիկ Ստեփանյան
Այսօր խորհրդարանում միջադեպ է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև: Վերջինս դահլիճում ռեպլիկի կարգով Գևորգ Պապոյանին ասել էր, թե հանրապետական է եղել, իսկ Պապոյանն էլ ԱԺ ամբիոնից պատասխանել էր, որ Մարուքյանի խմբակցության անդամները նախկին իշխանությունների ժամանակ պաշտոններ են զբաղեցրել՝ «Սոցապի պետ ու բանտապետ են եղել»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը, ով նախկինում եղել է քրեակատարողական հիմնարկի պետ, անդրադարձավ Գևորգ Պապոյանի ելույթին՝ հակադարձելով, որ իր կենսագրությունը սկսվում է ոչ թե նախորդ իշխանությունից, այլ 1979 թվականից:
«Ասեմ՝ իմանաք, ես համակարգում ընդունվել եմ 1979-ից, իմ ծառայողական պարտականությունները կատարել եմ մինչև հեղափոխությունը՝ մինչև իրենք եկել են: Շարունակել եմ աշխատել մինչև 2008-ը: 2008-ի մարտի դեպքերից սկսած՝ կարծիք հայտնելու համար ինձ հանել են աշխատանքից, հետապնդել են իմ ընտանիքին, իմ եղբորը, իմ բարեկամներին, քեռուս տղուն կալանավորել են, որն ընդհանրապես Մարտի 1-ի դեպքերի հետ կապ չուներ, բերել են Մարտի 1-ի համար դատապարտել են, ու այսպես շարունակաբար: Ես անցել եմ ճանապարհ, անցել եմ պատերազմ, մասնակցել եմ պատերազմին, ինձ բոլորը ճանաչում են: Կռվել եմ մինչև վերջ և եղել եմ պրոֆեսիոնալ ոստիկան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ իր համար որևէ նշանակություն չի ունեցել, թե ով է եղել նախագահը կամ վարչապետը, քանի որ ապօրինի իրեն հանել են պաշտոնից և 6 տարի պահել կադրերի ռեզերվում, բայց ինքը քաղհայցով որևէ տեղ չի դիմել:
«2014-ի օգոստոսին, երբ Հովիկ Մանուկյանը դարձավ արդարադատության նախարար, ինձ հրավիրեց աշխատանքի, ասաց՝ քանի որ պրոֆեսիոնալ եք, ուզում եմ ձեզ նշանակել ՔԿՀ-ներից մեկում պետ: Ես իրեն խնդրեցի, ասացի՝ պարոն Մանուկյան, ես իշխանության հետ խնդիր ունեմ, ինձ անօրինական հանել են, ասել է՝ ոչ մի պրոբլեմ չկա: Ինձ դրանից մի շաբաթ հետո նշանակել է «Նուբարաշեն» քրեակատարողականի պետ: Հենց Հովիկին հանել են, ինձ էլ են հանել ու ոչ թե հանել են, ամեն ինչ արել են… չեմ ուզում փակագծերը բացեմ»,- շեշտեց պատգամավորը:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ չի վիճարկել իրեն աշխատանքից ապօրինի հեռացնելու մասին որոշումը, Ռուբիկ Ստեփանյանը պատասխանեց, որ վիճարկելու խնդիր չկար, ինքը պրոֆեսիոնալ սպա է, որին «ուղղակի խաբել են»:
«Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ինձ կանչել է ու ասել, թե՝ գնում ես 2 ամիս հանգստանում ես ու նորից հետ վերադառնում: Ինձ կարող են կապել Ստալինի, Լենինի, Բրեժնևի հետ, լա՞վ է էդպես, ես աշխատել եմ, իրենք եկել են, ես պրոֆեսիոնալ եմ, իրենք դրսից են եկել: Ես մարտական գործողությունների եմ մասնակցել, պետական պարգևներ եմ ստացել ու ոչ թե՝ գնացել-խնդրել եմ, այլ տվել են: Թող իրենք իրենց անցյալը մի հատ հիշեն: Ինձ ձայն են տվել, թե այդքան չընդունված մարդ էի, ո՞նց էին ինձ այդքան ձայն տվել»,- եզրափակեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում