Բաժիններ՝

Էջմիածնի բնակիչը ինքնիրավչությամբ էական վնաս է պատճառել իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող անձանց

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկը, տեղեկանալով իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող անձի և նրա ընտանիքի ծանր ֆինանսական դրության մասին, 2018թ նոյեմբեր ամսից մինչև 2019թ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում ինչպես անձամբ, այնպես էլ հոր միջոցով նրանց է տվել ընդհանուր 663.887.880 ՀՀ դրամ գումարին համարժեք 1.365.000 ԱՄՆ դոլար գումար` 2019թ աշնանը՝ խաղողի բերքահավաքից հետո գումարը վերադարձնելու պայմանով:

Այնուհետև, չսպասելով իր սահմանած ժամկետի ավարտին՝ 2019թ. հուլիս ամսին նրանցից անսպասելի պահանջել է վերադարձնել իր տված գումարը: Վերջիններս, տվյալ պահին լինելով անվճարունակ, խնդրել են պայմանավորվածության համաձայն գումարը վերադարձնել ամիսներ անց՝ բերքահավաքից հետո: Անտեսելով խնդրանքը՝ 2019թ հուլիս-օգոստոս ամիսներին նա նշված ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով սկսել է փաստացի տիրապետել նրանց պատկանող, Արմավիրի մարզի վարչական տարածքում գտնվող 50հա խաղողի այգին, 20հա վարելահողը և 4հա արտադրական տարածքները` վերջիններիս զրկելով իրենց սեփականությունն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու ՀՀ սահմանադրությամբ նախատեսված իրավունքից:

Առերևույթ հանցագործություն կատարելու համար հիշյալ անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչությունը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով), և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս