
«Պետք է ուրախ լինենք, որ մեր պաշտոնյաները պարգևատրման հույսին մնացած մարդիկ են». Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ուրախ է, որ նախարարները, մարզպետները մնացել են պարգևատրումների հույսին, ինչը նշանակում է, որ նրանք «չեն գողանում, թալանում»:
«Նախկինում մարդիկ կային, որ հպարտ ասում էին, թե իսկի աշխատավարձ էլ չեն ստանում, է՜ հա, որովհետև եթե հսկայական գումարներ թալանում ու գողանում են, բնականաբար, աշխատավարձ ստանալու կարիք չի լինում: Մենք պետք է ուրախ լինենք, որ մեր պաշտոնյաներն աշխատավարձով ապրող մարդիկ են, պարգևատրման հույսին մնացած մարդիկ են, սա շատ կարևոր հանգամանք է: Այո, պաշտոնյաները պետք է աշխատավարձի, պարգևատրման հույսին մնան և այնպես աշխատեն, որ բոլորի աշխատավարձն էլ բարձրանա»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նախարարներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող բարձր պարգևատրումներին և հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այդ պարգևատրումները, քանի որ ընդդիմադիրները բարձրաձայնում են, որ այն պետական մակարդակի գանձագողություն է, մասնավորապես, երբ ուսուցչի ու թոշակառուի աշխատավարձը Կառավարությունը բարձրացրել է շատ չնչին գումարով, իսկ նախարարներին տալիս է մեծ պարգևատրումներ:
Նա վստահեցրեց, որ պարգևատրումներն օրենքի սահմաններում է և հաստատված է պետական բյուջեով, և շուտով բոլորը կներկայացնեն իրենց հայտարարագրերը, և կտեսնենք, թե ով որքան աշխատավարձ է ստացել: