«Հանրապետական, ՀՀՇ-ական և առհասարակ որևէ կուսակցության անդամ լինելը չեմ համարում վիրավորական». Գևորգ Պապոյան
«Ես գլուխս բարձր եմ ապրում, քանի որ ամբողջ կյանքում որևէ մեկից որևէ բան չեմ գողացել, չեմ կեղծել, տերեր չեմ փնտրել, անօրինական բան չեմ արել, հետևաբար՝ իմ կենսագրության մեջ չկա որևէ փուլ, որի համար ես կարող եմ ամաչել: Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկն ինձ սոցիալական ցանցերում, իսկ Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում, մեղադրել են հանրապետական լինելու մեջ՝ հիմնավորելով, որ, երբ ՀՀԿ-ական էի, կարող էի կոռուպցիայի մասին հարցերը բարձրաձայնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից իր ելույթին, որն ուղղված էր Էդմոն Մարուքյանին:
Նա ընդգծեց, որ 2006-2007 թվականներին եղել է Հանրապետական կուսակցության անդամ և այդ մասին երբևէ չի թաքցրել:
Նա նաև հավելեց, որ 2011 թվականին Տնտեսագիտական համալսարանում իրեն պետք է ավելի շատ ժամեր տրամադրեին, քան իրականում տվեցին, և այդ ամենն արել են իր քաղաքական հայացքների համար:
«2008 թվականից ես Հանրապետական կուսակցության հետ որևէ առնչություն չեմ ունեցել, հիմա ինձ մեղադրում են, որ նրանց հետ ինչ-որ կապ եմ ունեցել, իրենք են կապ ունեցել՝ ոստիկանապետ, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ են եղել, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում վարչության պետ են աշխատել: Ինձ, երբ վաճառող եմ աշխատել, մարքետինգային բաժնի աշխատող եմ եղել, բաժնի պետ եմ եղել, այսինքն՝ մասնավոր հատվածում իմ կարիերան ինքս արել եմ, այս տրամաբանության մեջ ինձ մեղադրել ինչ-որ կապի մեջ՝ ուղղակի աբսուրդ է: Ես չգիտեմ՝ ինչո՞ւ է Մարուքյանն ինձ թիրախավորել, սա, կրկնում եմ՝ շրիշակի մակարդակից էլ ցածր հայտարարություն է»,- ընդգծեց պատգամավորը:
Հարցին՝ Մարուքյանից վիրավորվե՞լ է, որ իրեն հանրապետական է ասել, Գևորգ Պապոյանը բացասական պատասխան տվեց.
«Հանրապետական, ՀՀՇ-ական և առհասարակ որևէ կուսակցության անդամ լինելը չեմ համարում վիրավորական: Ես այս հարցին պատասխանել եմ, քանի որ Մարուքյանը շահարկում է, թե ես եղել եմ հանրապետական և համագործակցել եմ նախորդ իշխանությունների հետ»:
Նա նաև ընդգծեց, որ Հանրապետական կուսակցության անդամ է դարձել, քանի որ «շատ բաներ են ուրիշ եղել», նաև ինքն է ուրիշ եղել, տարիքային, աշխարհայացքի, գաղափարական առումով, նաև ընկերներն են խնդրել անդամակցել, ինքն էլ ընդառաջել է:
Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում ո՞վ է խնդրել, որ անդամակցի, Գևորգ Պապոյանը պատասխանեց, որ որևէ մեկը չի խնդրել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում