«Իշխանությունը պատասխանատու է իր կողմից ընտրված կադրերի համար». Տարոն Սիմոնյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Ազգային ժողովն այսօր 85 կողմ, 35 դեմ և 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերը:

Դատական օրենսգրքի փոփոխությունը նախատեսում է, որ դատավոր նշանակելու տարիքային շեմը 28 տարեկանից իջեցվելու է 25 տարեկանի:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս օրենքին՝ նշեց, որ լավ դատավարություն իրականացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն լավ գիտելիքներ, այլև կենսափորձ:

«Մարդկային հարաբերությունների բազմաշերտ երևույթը պետք է կարողանան գիտակցել, իսկ դրա համար իմաստնություն է պետք, իսկ մենք գիտենք, որ տարիքը խելացի մարդուն իմաստնություն է տալիս: Միևնույն ժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ մեր կարծիքով՝ ոչ թե պետք է տարիքային ցենզի խնդիրը դրվի, այլ  կենսափորձի: Օրիակ՝ կարող ենք նշել, որ մարդը 5-10  տարվա կենսափորձ պետք է ունենա, որպեսզի դիմի արդարադատություն իրականացնելու համար: Ինձ համար չափազանց կարևոր է, որ ՀՀ լավագույն իրավաբանները դառնան դատավոր»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Կառավարության կադրային քաղաքականությանը, որի մասին վարչապետը նաև խոսեց Վրաստան կատարած այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ նույնիսկ «Հիսուս Քրիստոսն է սխալվել իր կադրերի հարցում», Տարոն Սիմոնյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել վարչապետի այդ կարծիքը՝ միաժամանակ նկատելով, որ կադրային խնդիր միշտ կա, մասնավորապես՝ քիչ բնակչություն ունեցող երկրներում:

«Սակայն մենք պետք է հասկանանք, որ իշխանությունը պատասխանատու է իր կողմից ընտրված կադրերի համար: Մենք չենք կարող անընդհատ կադրեր ընտրել ու հետո ասել, որ լավը չեն, ու մեղավորությունը բարդենք այդ կադրերի վրա, մեղավորն այն անձն է, որն այդ կադրերին ընտրում է: Եթե ես իրավաբանական գրասենյակում վատ կադր եմ ընտրում, և ինձ վատ ծառայություններ են մատուցում, ուրեմն մեղավորը ես եմ: Եթե կարող են ճիշտ կադրային քաղաքականություն իրականացնել, ուրեմն լավ Կառավարություն է, իսկ եթե վատ են իրականացնում, ուրեմն՝ վատ Կառավարություն է»,- շեշտեց Տարոն Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս