Վեց երկրներ Եվրամիության կիբեռնետիկական ուժեր են ստեղծել
Եվրոպայի վեց երկրներ հիմնել են Եվրամիության Արագ հակազդման կիբեռնետիկական ուժեր՝ Լիտվայի գլխավորությամբ: Ինչպես մարտի 5-ին հայտնել է BNS գործակալությունը, համաձայնության հուշագիրը մարտի 4-ի երեկոյան ստորագրել են Լիտվան, Էստոնիան, Խորվաթիան, Լեհաստանը, Նիդեռլանդները եւ Ռումինիան Զագրեբում, որտեղ կայացել է Եվրամիության պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։
Համաձայնագրին համապատասխան տարբեր երկրներում հերթապահություն կանի միջազգային խումբը, որը պատրաստ կլինի ցանկացած ժամանակ հակազդելու կիբեռգռրոհներին: Այդ խումբը, որը կազմված կլինի քաղաքացիական անձանցից եւ զինվորականներից, վտանգավոր կիբեռմիջադեպի դեպքում վիրտուալ, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ֆիզիկապես կմիանա միջադեպի վերացմանն ու հետաքննությանը:
Դիտորդի կարգավիճակ են ստացել Բելգիան, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Սլովենիան եւ Ֆինլանդիան: Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաեւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: