«Այն Հայաստանում, որը կուզենար Վազգեն Սարգսյանը, պիտի լուծված լիներ Արցախի հարցը, և պիտի լուծված լիներ հայանպաստ». Արամ Սարգսյան

Այսօր՝ մարտի 5-ին, Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Օրվա առիթով «Եռաբլուր» են այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի մարտական և ոչ մարտական ընկերները, հարազատները:

Արդյո՞ք այսօր ապրում ենք Վազգեն Սարգսյանի երազած ՀՀ-ում՝ «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանը նշեց. «Այն Հայաստանը, որը կուզենար Վազգեն Սարգսյանը, այդ Հայաստանում, միանշանակ, պիտի լուծված լիներ Արցախի հարցը, և պիտի լուծված լիներ հայանպաստ, որովհետև Վազգենն իր կյանքն ու ամբողջ գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին: Ինքը զինվոր էր մինչև 1998-ի վերջը, դրանից հետո նոր դարձավ քաղաքական»:

Արամ Սարգսյանը հիշեց՝ Վազգենին իր կենդանության օրոք ոչ ոք Սպարապետ չէր կոչում, չէր էլ կարող կոչել, որովհետև ինքը թույլ չէր տա:

«Համեստ մարդ էր, երբեք իրեն պատերազմ անցած տղաներից որևէ մեկի հետ չէր համեմատում, որևէ մեկից իրեն չէր գերագնահատում: Ավելին, համարում էր, որ իրենցից յուրաքանչյուրը, ով իր կյանքը տվեց Արցախյան ազատամարտին, կամ ով ողջ մնաց և վիրավորվեց, ամենակարևորն էր այդ պատերազմում, և յուրաքանչյուրի բացակայությունը չէր բերի այն հաղթանակը, ինչը կարող էր բերել:

Ինքն ուղղակի կարողացավ այդ անհատականություններին ամբողջացնել, ձևավորել բանակ, որն էլ հաղթանակ բերեց, և ինքը շատ դիպուկ է բնորոշել՝ «էս պատերազմին տվեցի ինչ կարող էի, և ձեռք բերեցի հպարտություն»:

Վազգենը հայ պատմության և իրականության մեջ շատ մեծ ներդրում ունեցող մարդ է, և սերունդներն ու ժամանակը պիտի գնահատեն իրեն»,- ընդգծեց Վազգեն Սարգսյանի եղբայրը և շարունակեց, որ «Եռաբլուրում» եղած բոլոր տղաների, Վազգենի ընկերների լումայի արդյունքում է, որ Ադրբեջանը խոսում է «տարածքների 20 տոկոսի կորստի մասին»:

«Եվ փորձում աշխարհի աչքին 700 տարի հետո ագրեսոր ներկայացնել, որ մենք տարածք ենք վերցրել: Այդ ձեռքբերումը, ինչն այս տղերքի կյանքի գնով եղավ, Վազգենի չարչարանքով ու աշխատանքով, քաղաքական, դիվանագիտական ճանապարհով պիտի ամրացնել, հզորացնել մեր երկիրը, այս տարածաշրջանում վայելել հարգանք, ՀՀ իշխանությունները ներկայանան որպես իրապես անկախ երկրի ղեկավարներ, որոնք լուծել են իրենց ժողովրդի առջև ծառացած խնդիրները, պատմական այն խնդիրները, ինչը մնացել է նախկինում հարևաններից: Այ այդ Հայաստանը կլինի Վազգենի և բոլորիս երազած Հայաստանը, ինչի առումով բոլորս իսկապես անելիք ունենք»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս