
ԱԺ-ն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների» նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:
Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ:
Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում: Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ:
Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը տեղեկացրեց, որ խմբակցությունն այս անգամ ձեռնպահ կքվեարկի, հանդես կգան առաջարկություններով: Եվ երկրորդ ընթերցմանը կարտահայտեն իրենց դիրքորոշումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ կողմ կքվեարկեն, սակայն որոշակի առաջարկություն ունեն, որը կներկայացնեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:
Նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 92 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայներ, դրան գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 8 պատգամավորների ծրարով թողնված կողմ ձայները: