
Աշխարհում գրեթե 95 հազար մարդ է վարակվել նոր կորոնավիրուսով

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 4-ի երեկոյի դրությամբ կազմել է 94 հազար 752: Այդ մասին հայտնել է South China Morning Post հոնկոնգյան թերթը, որը կորոնավիրուսից մահացածների ու ապաքինվածների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային հաշվարկ է վարում։
Հիվանդների ընդհանուր թվից 80 հազար 270-ը բաժին է ընկնում մայրցամաքային Չինաստանին: Աշխարհի այլ երկրներում վարակվածների թիվը չորեքշաբթի օրն աճել է մինչեւ 14 հազար 482՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով գրեթե 2514-ով:
Հարավային Կորեայում գրանցվել է 5621 հիվանդացած (մահացել է 32 մարդ), Իրանում՝ 2922 (մահացել է 92 մարդ), Իտալիայում՝ 3089 (մահացել է 107 մարդ):
Ավելի քան հարյուր վարակված է գրանցվել Ճապոնիայում (1001, մահացել է 12 մարդ), ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամները, Ֆրանսիայում (285, մահացել են չորսը), Գերմանիայում (240), Իսպանիայում (151, մահացել է մեկը), Սինգապուրում (112), Հոնկոնգում (104): Ընդամենն աշխարհում մարտի 4-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից գրանցվել է 3249 մահ, մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսից մահացել է 268 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: