
ՉԺՀ-ն դեմ է COVID-19-ը «չինական վիրուս» անվանելուն

ՉԺՀ-ն դեմ է այն բանին, որ COVID-19-ն անվանեն «չինական վիրուս»: Այդ մասին մարտի 4-ին Պեկինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: «Առանձին ԶԼՄ-ներ COVID-19-ն անվանում են «չինական վիրուս», եւ դա չափազանց անպատասխանատու է: Մենք վճռականորեն հանդես ենք գալիս դրա դեմ»,-հայտարարել է դիվանագետը:
Չժաո Լիցզյանն ընդգծել է, որ, նախ՝ հիվանդության աղբյուրը պարզելու աշխատանքը դեռեւս շարունակվում է, եւ վերջնական եզրակացություններ առայժմ չկան: Նա հիշեցրել է ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի հատուկ փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանի հայտարարությունն այն մասին, որ կորոնավիրուսի նոր տեսակն առաջին անգամ Չինաստանում հայտնաբերվելու փաստն ամենեւին չի նշանակում, որ նոր կորոնավիրուսն սկիզբ է առել հենց այստեղից:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քանիցս հայտարարել է, որ COVID-19-ը գլոբալ ֆենոմեն է, դրա աղբյուրը դեռեւս պետք է պարզել, իսկ ներկայում հարկ է ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչպես զսպել ու դիմակայել այդ վիրուսին, անհրաժեշտ է խուսափել տարածաշրջանային ստիգմատիզացիայից»,-ընդգծել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: