Նարեկ Սամսոնյանն առայժմ հրաժարվում է մեկնաբանել վարչապետի դստեր կողմից ներկայացված դատական հայցը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ ղեկավար Նարեկ Սամսոնյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Հայցը ներկայացվել է փետրվարի 26-ին և մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին։
Ներկայացված հայցով վարչապետի դուստրը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Նարեկ Սամսոնյանին, որպեսզի վերջինս իր հասցեին զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքի։
168.am-ի հետ զրույցում Նարեկ Սամսոնյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ այս ամենին մանրամասն կանդրադառնա երկուշաբթի օրը՝ մարտի 2-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երևանյան ռեստորաններից մեկից վարչապետը հաճախակի 1 կիլոգրամը 3000 դոլարով ձկնկիթ է գնում իր դուստրերի համար։
Այս գրառումից հետո Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար: