«Տնտեսական հեղափոխության» 2019 թվականի արդյունքները
2018թ. Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո առաջին ամբողջական տարին 2019 թվականն էր, ինչից կարելի է ենթադրել, որ 2019-ին գրանցված տնտեսական ցուցանիշները կարող են օգտագործվել նոր կառավարության կողմից հռչակված «տնտեսական հեղափոխության» հաջողությունը գնահատելու համար:
ՀՀ տնտեսական աճը 2019-ին կազմել է 7.6%: Արդյո՞ք սա «հեղափոխական» ցուցանիշ է: Ըստ բազմաթիվ կարծիքների, այդ թվում՝ Կառավարության, պատասխանը դրական է, և այս ցուցանիշը «հեղափոխական» է մի քանի պատճառներով. նախ՝ այն ՀՀ-ում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է՝ սկսած 2008-ից, երկրորդ՝ այս աճը բարձր է՝ ինչպես համաշխարհային միջին աճից, այնպես էլ՝ տարածաշրջանի երկրների աճերից, երրորդ՝ այն հիմնված է մշակող արդյունաբերության աճի վրա:
Այս հարցին անդրադարձել է «Լույս» հիմնադրամը՝ օրերս հրապարակելով վերլուծություն, որում ներկայացված է, թե արդյո՞ք 2019-ին գրանցված տնտեսական աճը բավարար է «տնտեսական հեղափոխությունը» հաջողված համարելու համար, թե՞ ոչ, ինչպես նաև անդրադարձ է կատարված տնտեսական աճի կառուցվածքին, նպաստող գործոններին և ներառականությանը:
«Լույս» հիմնադրամի կողմից հրապարակված վերլուծության համաձայն՝ չնայած ՀՀ տնտեսական աճը 2019թ. կազմել է 7.6%, ինչը կառավարությունը համարում է դրական և «հեղափոխական», քանի որ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է՝ սկսած 2008թ.-ից, այնուամենայնիվ, 2019թ. ցուցանիշին մոտ արդյունքներ գրանցվել են նաև այլ տարիների՝ 2012թ.՝ 7.2%, և 2017թ.՝ 7.5%: Ստացվում է, որ «տնտեսական հեղափոխությունը» ենթադրում էր ընդամենը 0.1 կամ 0.4 տոկոսային կետով տնտեսական աճի արագացում: Հակառակ դեպքում՝ կարելի է պնդել, որ նախորդ տարիներին առնվազն 2 անգամ գրանցվել է «հեղափոխական» տնտեսական աճ:
ՀՀ Կառավարության պնդմամբ՝ 2019թ. ՀՀ-ում գրանցված տնտեսական աճը բարձր է՝ ինչպես համաշխարհային միջին աճից, այնպես էլ՝ տարածաշրջանի երկրների աճերից։ 2019թ. ՀՀ տնտեսական աճը գերազանցել է համաշխարհային տնտեսության 3.0%, ԵՄ-ի 1.5% և զարգացող երկրների 3.9% սպասվող աճերը: Հրապարակված վերլուծության մեջ, սակայն, նշվում է, որ 2012 և 2017 թթ․ ՀՀ տնտեսական աճը նույնպես գերազանցում էր նշված տարածաշրջանների, ներառյալ՝ ՀՀ հարևան երկրներում գրանցված ցուցանիշները: Հետևաբար՝ համեմատելով այլ երկրների հետ, նույնպես ոչ մի աննախադեպ երևույթ չի գրանցվել։
Եթե համեմատենք նախորդ՝ բարձր տնտեսական աճ գրանցած տարիների հետ, ապա ակնհայտ է, որ տնտեսական աճի կառուցվածքը վատթարացել է:
Տնտեսական աճ ստեղծող ճյուղերը եղել են ժամանակավոր և չեն նպաստել բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված երկարաժամկետ եկամտի աղբյուրների ստեղծմանը: Ընդլայնվել է այնպիսի ճյուղերի դերը, որտեղ հավելյալ արդյունք գրեթե չի ստեղծվում։ Նման պայմաններում, բնականաբար, անիմաստ է մեծ հույսեր կապել տնտեսության ներառականության հետ։ Տնտեսական աճի ազդեցությունը հեռու է ներառական լինելուց։
2019թ. տնտեսական աճին ամենամեծ նպաստում ունեցող ճյուղը եղել է ծառայությունները, որի միջոցով ապահովվել է տնտեսական աճի 5.3 տոկոսային կետը: Արդյունաբերության նպաստումը կազմել է 1.9 տոկոսային կետ, իսկ գյուղատնտեսությունն ունեցել է բացասական նպաստում՝ 0.5 տոկոսային կետով:
Ծառայությունների կառուցվածքում ամենաարագ աճն ունեցել են «կացություն և հանրային սննդի կազմակերպում» և «ֆինանսական և ապահովագրական գործունեություն» ենթաճյուղերը:
2020թ․ մեքենաների ներմուծման երևույթն այլևս չի լինելու, հետևաբար՝ «Կացություն և հանրային սննդի կազմակերպում» և «ֆինանսական և ապահովագրական գործունեություն» ենթաճյուղերի աճերը, որոնք ապահովել էին տնտեսական աճի 1.7 տոկոսային կետը, այլևս չեն շարունակվի:
Այսպիսով ստացվում է, որ 2019թ. տնտեսական աճի ցուցանիշը պարունակում է մի շարք խնդրահարույց զարգացումներ, որոնց բացասական ազդեցություններն ի հայտ կգան սկսած 2020թ.-ից: Դա պայմանավորված է ծառայությունների՝ որպես տնտեսական աճին ամենաշատ նպաստող ճյուղի բավական խնդրահարույց կառուցվածքով, որը կայուն չէ և հղի է երկարաժամկետ խնդիրներով:
Արդյունաբերության կառուցվածքի տեսանկյունից դրական փոփոխություններ չեն նկատվում: Հանքարդյունաբերության փոխարինումը մշակող արդյունաբերությամբ այդպես էլ իրականություն չդարձավ:
Գյուղատնտեսությունը 2019թ․ տնտեսական աճի ցուցանիշի ձևավորման վրա ունեցել է բացասական նպաստում՝ 0.5 տոկոսային կետով: 2019թ.-ին գյուղատնտեսության անկումը կազմել է 4%: Վերլուծության մեջ նշվում է, որ նոր կառավարությունն անընդհատ հայտարարում է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի և դրանց հաջող լինելու վերաբերյալ, սակայն փաստացի տվյալներով դա չի երևում: Բացի այդ, ներկայացվող ծրագրերի մեծ մասը նախագծված է եղել դեռևս նախորդ կառավարության ժամանակ, սակայն նոր իշխանությունները՝ որոշում կայացնելով փակել գյուղատնտեսության նախարարությունը, վտանգի տակ դրեցին այդ ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը: Արդյունքում՝ գյուղատնտեսության անկմամբ նվազել է գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության ստեղծած արդյունքը, հետևաբար՝ նվազել է նաև նրանց եկամուտը՝ հանգեցնելով կենսամակարդակի անկման:
2019թ. ՀՆԱ-ի 7.6% իրական աճին 10.4 տոկոսային կետով նպաստել է ընթացիկ սպառումը, իսկ ներդրումներն ունեցել են բացասական նպաստում՝ 1.2 տոկոսային կետով: 2019թ. արդյունքներն այս առումով, վերլուծության համաձայն, մտահոգիչ են: Ներդրումները հիմնական կապիտալում ոչ միայն բավարար չափով չեն աճել, այլ նաև նախորդ տարվա համեմատ՝ նվազել են 5.2%-ով: Ընդ որում, ներդրումների նվազումը վտանգի տակ է դնում ապագա տնտեսական աճի հնարավորությունները։ Քանի որ, ինչպես ներքին տնտեսությունում, այնպես էլ՝ արտաքին աշխարհում, որևէ նշանակալի տնտեսական շոկեր չեն գրանցվել, ապա ներդրումների նվազումը, վերլուծության համաձայն՝ պայմանավորված է միայն կառավարության կողմից ստեղծված անորոշ իրավիճակով:
Ապրանքների և ծառայությունների արտահանման աճի տեմպը կազմել է 10.3% և տնտեսական աճին նպաստել 3.9 տոկոսային կետով: 2019թ.-ին արտահանման աճի ցուցանիշը հնարավոր եղավ ապահովել միայն հանքարդյունաբերության աճի վերականգնման պայմաններում։ Սակայն, նույնիսկ այդ դեպքում, այն այդպես էլ չմոտեցավ 2017թ.-ին գրանցած ցուցանիշին՝ 18.7% աճ, որը տնտեսական աճին նպաստել էր 6.2 տոկոսային կետով: Արդյունաբերության կառուցվածքն էլ իր հերթին՝ որևէ դրական փոփոխության չի ենթարկվել և շարունակում է հիմնված մնալ հանքարդյունաբերության ոլորտի զարգացումների վրա:
2019թ. տնտեսական աճը պայմանավորված է եղել ընթացիկ սպառման աճով: Այդ սպառումը զգալի չափով ֆինանսավորվել է սպառողական վարկերով, որոնք աճել են ավելի քան 30%-ով: Բնակչության եկամուտներն այդ չափով չեն աճել, իսկ ներդրումների նվազումը պակասեցնում է ապագայում բնակչության եկամուտների ավելացման հնարավորությունները՝ վտանգելով հետագա տնտեսական աճը:
«Լույս» հիմնադրամի վերլուծական խումբ