Ամենուր սուգ էր, արյուն ու հեղեղ. սումգայիթյան ջարդերի ականատեսը վերհիշում է ապրածը
1988 թվականի փետրվարի 28-ի առավոտյան մենք՝ ես ու ամուսինս, երթուղայինի մեջ էինք, երբ վարորդը բարձրախոսով հայտարարեց, որ հայերը պետք է իջնեն տրասպորտից:
«Արցախպրես»-ի թղթակցին այս մասին պատմել է սումգայիթյան ոճրագործության ականատես Ռոզա Գասպարյանը և շարունակել, որ երթուղայինի մեջ գտնվող հայերը, լսելով հայտարարությունը միանգամից իջել են:
Նրա խոսքով՝ հենց փողոցում էլ իրենք ականատես են եղել թե ինչպես հայերի հոծ բազմությունը աղմուկ-աղաղակներով, լաց ու կոծով օգնություն էին խնդրում, սակայն օգնող չկար:
«Մենք, մի կերպ փրկվելով, շտապեցինք տուն, իսկ ճանապարհին մտել էինք խանութ, որտեղ մեզ հայտնեցին իրողության մասին՝ ասելով, որ Աղդամից (Ակնա) թուրքեր են եկել և կոտորում են հայերին: Այդ գիշեր իմ 16-ամյա երեխան կույր աղիքի սուր ցավեր ուներ: Մենք շտապօգնություն ենք կանչել , իսկ նրանք մեզ պատասխանել են, որ հայերին օգնություն չեն ցուցաբերում: Ինքներս գնացինք և այն, տեսանք հիվանդանոցի բակում աննկարագրելի էր. ամենուր սուգ էր, արյուն ու հեղեղ: Սակայն պետք է ասեմ, որ երեխային վիրահատել է թուրք բժիշկ և եղել է ուշադիր: Երեք օր անց մեզ տեղափոխել են գիշերօթիկ տուն, որտեղ մնացել ենք շուրջ 15 օր: Այնուհետև տեղափոխվել ենք Բաքու, որտեղից էլ վերադարձել ենք Արցախ՝ Սումգայիթում թողնելով տուն ու տեղ, ունեցվածք և այլն»,-պատմել է Ռ. Գասպարյանը:
Արմեն և Ռոզա Գսպարյանների աչքի առջև դեռ կենդանի են թուրք հրոսակախմբերի՝ հայերի նկատմամբ իրագործած վայրագությունները՝ քարերով, մահակներով, երկաթներով անխղճորեն տեղի հայերին ծեծի ենթարկելը, տանջամահ անելը, կանանց բռնաբարելը և այլն: Սումգայիթի ջարդերից մազապուրծ ընտանիքի բերանով ողջ հայ ժողովուրդը հատուցում է պահանջում: