
Եկամտային հարկի գումարների վերադարձը կավտոմատացվի

Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել 2020-2024 թվականների զարգացման և բարեփոխումների բարելավման ռազմավարական ծրագրով եկամտային հարկի գումարների վերադարձի ավտոմատացում:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ-ի համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը նշեց, որ դա կարևոր քայլ է այս ոլորտում:
«Դա ենթադրում է, որ կկրճատվի դիմումի ներկայացման պահից մինչև շահառուի բանկային հաշիվ գումարի մուտքագրման պահն ընկած ժամանակահատվածի տևողությունը: Շահառուները ստիպված չեն լինի ամեն եռամսյակ հաճախել հարկային մարմիններ: Ընթացակարգը ավտոմատացումից հետո կդյուրինացվի»,-ասաց Թելման Ասատրյանը:
Թե նախաձեռնությունը երբ կյանքի կկոչվի՝ Թելման Ասատրյանը դժվարացավ ժամկետներ նշել: Նա ասաց, որ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
Ասատրյանը նշեց, որ շուկայում ավելացել է բնակարաններ ձեռք բերելու պահանջարկը, դրա պատճառով էլ ավելի շատ շահառուներ են դիմում եկամտային հարկի վերադարձի համար: Մասնավորապես, 2015 թվականին շահառուների թիվը կազմել է 571, 2016 թվականին՝ 1 303, 2017 թվականին՝ 2 225, 2018 թվականին՝ 4 021, 2019 թվականին՝ 7 152:
«Եկամտային հարկի վերադարձելիության ցուցանիշը բավական տպավորիչ է: Հիպոթեքային վարկերի սպասարկման մասով եթե 2018 թվականին եկամտային հարկի վերադարձը կազմել է 4.7 մլրդ դրամ, ապա 2019 թվականին՝ 7.9 մլրդ դրամ: Այսինքն՝ 3.2 մլրդ դրամով կամ 80 տոկոսով ավելի»,- ամփոփեց Թելման Ասատրյանը: