«Չեմ ուզում մտածել, որ նախարարությունը սպասել է մեկ տարի, որ փոխի տնօրենին, նոր լսի մասնագետների կարծիքը». համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյան

ՀՀ Առողջապահության նախարարությունն այսօր կատարեց հունվարի 30-ի կառավարության՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու վերաբերյալ որոշման  կատարման առաջին քայլը:

Չնայած նախարարը վստահեցրել էր, որ միավորման արդյունքում երկու կենտրոններում որևէ գործառույթի և բուժանձնակազմի կրճատում չի լինելու, առողջապահության նախարարի հրամանով այսօր աշխատանքից ազատվեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով. նշված է նախարարության հայտարարության մեջ: Տեղեկացնենք, որ Սամվել Գրիգորյանը 2020 թվականի հունվարի 24-ից գտնվում էր ժամանակավոր անաշխատունակության մեջ:

Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: Նրան այսօր «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ներկայացրել է առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը:

Հենց այս հանդիպումը ստիպել էր կենտրոնի աշխատակիցներին իրենց ուշադրությունը հրավիրել ՁԻԱՀ կենտրոնի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա: Կենտրոնի աշխատակիցները վստահեցնում են՝ նախարարությունը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու վերաբերյալ որոշումը կայացրել է՝ առանց մասնագիտական քննարկման և առանց հաշվի առնելու այն բացասական հետևանքները, որոնք կարող են առաջանալ այդ միացման արդյունքում:

Կենտրոնի բժիշկ, համաճարակաբան Վարդան Արզաքանցյանի պնդմամբ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու խնդիրը ոչ թե տնօրենի փոփոխությունն է, այլ համակարգը, որի հետևանքով, բժշկի վստահեցմամբ, նախ՝ տուժելու են պացիենտները, ապա նաև՝ աշխատակազմը:

«Այսօր ասացին, որ ոչինչ չի փոխվելու, բայց դրանք բանավոր խոսքեր են: Այսօր էլ հարցերը մնացին անպատասխան ու շատ ավելի նոր հարցեր են առաջանում»,- ասաց  համաճարակաբան Վարդան Արզաքանցյանը՝ հավելելով, որ իրենք այդ հարցերով դիմել են թե՛ վարչապետին, թե՛ Առողջապահության նախարարություն, բայց ստացել են չհիմնավորված պատասխաններ:

Աշխատակիցները վստահ են՝ սխալ է այն դիտարկումը, թե իրենք կղզիացած են, ու չեն համագործակցում մյուս հիվանդանոցների հետ, ու այս որոշմամբ փորձում են կենտրոնն ինտեգրել նախարարության աշխատանքներին:

«Մենք ուզում ենք հասկանալ, թե իրենք ինչ են ուզում փոխել: Մենք ասում ենք, որ ունենք այս լավ համակարգը, որը աշխատում է, եթե Դուք փոխում եք, նվազագույնը սրանից լավ պիտի աշխատի: Եկեք մեզ ասեք, թե ինչ է լինելու, որ աշխատի: Հակառակ դեպքում՝ ո՞րն է փոխելու իմաստը, եթե ասում են՝ ո՛չ աշխատող է ազատվելու, ո՛չ շենքն է փոխվելու»,- ասաց համաճարակաբանը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի Բժշկական օգնության և սպասարկման բաժնի վարիչ Արշակ Ասմարյանը հիշեց բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի պնդումը, որ նախնական փուլում, երբ որոշել են միավորում իրականացնել, մասնագիտական կարծիքն իրենց չի հետաքրքրում ու այն կհետաքրքրի միավորումից հետո:

Աշխատակիցները վստահեցնում են՝ բոյկոտային տրամադրություն չունեն: Բայց ռիսկերը, որոնք տեսնում են, հենց իրենց կարող են պատասխանատվության առաջ կանգնեցնել:

Աշխատակիցները չեն ընդունում այն տարբերակը, որ նշանակված նոր ժամանակավոր պաշտոնակատարի միջոցով փորձեն նախարարությանը հասցնել իրենց դիտարկումները:

«Նախարարությունը չի կարող իր մասնագետներին լսելու համար այս կամ այն տնօրենին նշանակել: Տնօրենը ադմինիստրատիվ աշխատող է, մասնագետ չէ: Մասնագիտական կարծիք հայտնելու համար կան մասնագետներ: Չեմ ուզում մտածել, որ նախարարությունը սպասել է մեկ տարի, որ փոխի տնօրենին, նոր լսի մասնագետների կարծիքը»,- մեզ հետ զրույցում  ասաց կենտրոնի մեկ այլ համաճարակաբան՝ Էդուարդ Հովհաննիսյանը:

Աշխատակիցները վստահեցնում են՝ այս ամենի արդյունքում պացիենտները չեն տուժելու, ու պնդում են՝ պետք է կատարվի մասնագիտական քննարկում, նոր կայացվեն որոշումներ:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում 168.am-ը զրուցեց նաև կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բերբերյանի հետ: Բերբերյանը տնտեսագետ է, իր բնորոշմամբ՝ եղածին մասնագիտական կարծիք տալ չի կարող, բայց  կա համապատասխան որոշում, նախարարության քաղաքականություն, որն իրենք պատրաստվում են իրագործել: Մասնագիտական այլ կարծիքի ծանոթանալու համար Բերբերյանը հորդորում է խոսել այլ կենտրոնի մասնագետների հետ:

Ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ այսօր փորձել են աշխատակիցներին ներկայացնել կենտրոնների միացման անհրաժեշտությունը, սակայն ոմանք մնացել են իրենց սուբյեկտիվ կարծիքին:

«Սա պետական հիմնարկ է, բոլորս պետական աշխատողներ ենք, և ամեն աշխատակից, որ պայմանագիր է կնքել հիմնարկի հետ, պետք է իր գործառույթները կատարի և չքաղաքականացնի այս պրոցեսը: Իմ անձնական կարծիքով՝ կա որոշակի սուբյեկտիվիզմ աշխատակիցների որոշ հայացքների մեջ»,- ասաց Բերբերյանը:

Ժամանակավոր պաշտոնակատարի համար առողջապահության նախարարի հրամանը քննարկման ենթակա չէ, ու Արթուր Բերբերյանը պատրաստվում է ամեն ինչ անել որոշման կայացմանն օժանդակելու համար:

«Վերադասը, նախարարությունը, առողջապահական քաղաքականություն մշակող մարմինը որոշել է՝ քանի որ միասնական կառավարելիության խնդիր կա, հիմնարկների միասնական կառավարելիություն է լինելու, օպերատիվ արձագանք խնդիրներին, քանի որ բժշկագիտական տեսակետից ինքը մի ուղղություն է, ուստի կառավարության աստիճանի բարձրացման համար նպատակահարմար է գտել միավորել հիմնարկները: Ինձ համար նախարարի հրամանը քննարկման ենթակա չէ»,- ասաց Արթուր Բերբերյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս