«Դեռևս հավատում եմ, որ դատական գործի վարույթը կարճելու որոշում կարող է կայացվել». Խուդոյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու ՀՀ նախկին վարչապետների միջնորդությունը պատրաստ կլինի «Մարտի 1»-ի գործով հաջորդ դատական նիստին՝ մարտի 3-ին: Նման առաջարկությամբ են հանդես եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ այս ցանկը կարող է համալրվել, սակայն վստահ չէ, որ միջնորդությունն այդ օրը կքննարկվի:
«Ես դեռևս հավատում եմ, որ այս գործով դատական գործի վարույթը կարճելու որոշում կարող է կայացվել: Դրանից հետո արդեն կքննարկենք՝ միջնորդության անհրաժեշտությունը կա՞, թե՞ ոչ»,- ասաց Խուդոյանը:
Այսօր «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ի պատասխան հնչած պնդումներին, թե Ոստիկանությունը 2008-ին ենթարկվել է իրեն, պնդեց, որ այն ժամանակ ուժային մարմինը նախագահի ուղիղ վերահսկողության ներքո չէր, այլ՝ Կառավարության: Լրագրողները փաստաբանից հետաքրքրվեցին՝ Քոչարյանը շեշտադրում էր Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը, քանի որ այն ժամանակ հենց Սարգսյանն էր վարչապետը:
«Ռոբերտ Քոչարյանը շեշտադրում էր ներկայացվող բոլոր իրավական փաստերի դատարկությունը, երբ պնդում է կատարվում, որն իրավունքի հետ կապ չունի»,- ասաց Խուդոյանը:
Փաստաբանն ասաց, որ, եթե նախկին վարչապետների միջնորդությունը մերժվի, ապա կքննարկեն այս պահին առկա մեկ այլ միջնորդություն՝ Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը, Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ, ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքը վերականգնել։